Ռուսական Независимая Газета պաբերականի վերլուծաբան Վլադիմիր Մուխինն անդրադարձել է վերջին շրջանում իրանա-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ հիշեցնելով Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունն առ այն, որ երկրի հյուսիս-արևմուտքում մեկնարկած «Հեյբարի նվաճողներ» զորավարժություններում Իրանի հիմնական հակառակորդներից մեկը Իսրայելն է, և Թեհրանը չի հանդուրժի «կեղծ սիոնիստական ռեժիմի առկայությունը և նրա սադրիչ գործողությունները իր սահմանների մոտ»: Նախարարի խոսքով՝ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո «Իսրայելը հաստատել է իր ներկայությունն Ադրբեջանի մի շարք շրջաններում»: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ «պատերազմն Իսրայելի հետ արդեն սկսվել է»: Այս ֆոնին լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելի հետևյալ խոսքերը.«Իսրայելը մտադիր է անհրաժեշտության դեպքում օգտագործել Ադրբեջանի ռազմակայանները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու համար, և Ադրբեջանը դրան համաձայնել է»:
Հեղինակը գրում է, որ այս ամենի ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինված ուժերը մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի հասցնելու մասին, և դա արվել է ռուս խաղաղապահների ներկայության գոտում:
«Ադրբեջանի հետ սահմանների մոտ Իրանի կազմակերպած զորավարժություններն ամենախոշորն են վերջին 30 տարվա ընթացքում: «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Խմբ.) տարածքում և Նախիջևանի հետ սահմանին, ըստ մամուլի հրապարակումների, կենտրոնացած են 216-րդ և 316-րդ զրահատանկային բրիգադները, 25-րդ արագ արձագանքման բրիգադը, 11-րդ հրետանային խումբը, ԱԹՍ-ները, 433-րդ մարտական ինժեներական խումբը և օդադեսանտային ուղղաթիռները՝ Իրանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ռազմական ուժերի կուտակումը շարունակվում է:
Այժմ Բաքվի և Թեհրանի միջև պաշտոնական հարաբերությունները չի կարելի անվանել բարեկամական: ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ օրերս Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին բողոքել է «հոկտեմբերի 1-ի գիշերը Բաքվում Իրանի դիվանագիտական առաքելության դեմ ագրեսիայի» կապակցությամբ: Իրանի արտաքին գործերի նախարարին զայրացրել է Լեռնային Ղարաբաղ տանող մայրուղու վրա իրանցի վարորդների ձերբակալությունը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գնահատականները՝ կապված «Հեյբարի նվաճողներ» զորավարժությունների հետ: Աբդոլլահիանի խոսքով ՝ Ալիևը «բացասական խոսքեր է ասել Իրանին»:
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները կուղղեն այս հայտարարությունները», - ասել է Աբդոլլոհիանը:
Մինչդեռ, Թուրքիան չափազանց ակտիվ է ղարաբաղյան հակամարտության գոտում՝ Իրանի հետ սահմանին: Հաղորդվում է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը մշտապես վերահսկում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքը, այլև հարակից իրանական տարածքը, որտեղ կազմակերպվում են «Հեյբարի նվաճողներ» զորավարժությունները:
Անկարան որևէ դժգոհություն չի հայտնել իրանական զորավարժությունների վերաբերյալ: Մինչդեռ սիրիական Իդլիբում Թուրքիան հարձակում է պատրաստում Իրանի աջակցությունը վայլելող սիրիական բանակի ստորաբաժանումների և շիա աշխարհազորայինների դեմ: Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Սոչիում ռուս-թուրքական գագաթաժողովից հետո Անկարան վերջին օրերին էլ ավելի է ակտիվացել Սիրիայի հյուսիսում զինված ուժերի կուտակման գործում»,-գրում է Մուխինը:
«Իրանի արտգործնախարարն իր ելույթներում նախատել է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ պատերազմում ահաբեկիչների ներուժն օգտագործելու համար: Նա, իհարկե, նկատի ուներ «Իսլամական պետության» հետ կապված թուրքամետ զինված խմբավորումները: Ռուսաստանի Դաշնությունը սրա վրա աչք փակեց: Իրանը, սակայն, մտադիր է գործը հասցնել մինչև վերջ՝ ապացուցելով ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքամետ վարձկան-ահաբեկիչների առկայությունը», - պարբերականի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Նիկոլայ Շուլգինը: Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների մոտ Իրանի ռազմական ակտիվությունն այժմ ձեռնտու է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, քանի որ այն «տեղն է դնում» Բաքվին և նվազեցնում Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասում:
«Իրանի և Ադրբեջանի միջև ներկայիս իրավիճակը առայժմ պատերազմի չի հանգեցնի ... Իրանը, չնայած ահեղ հայտարարություններին և տպավորիչ զորավարժություններին, նույնիսկ լուրջ պահանջներ չի ներկայացրել Բաքվին: Բայց այստեղ այլ բան հետաքրքիր է: Իրանը սկսում է Ադրբեջանը սահմանել որպես առաջնահերթ թիրախ Իսրայելի հետ հարաբերությունների լուրջ սրման դեպքում: Իսրայելի կողմից ցանկացած գործողության դեպքում Ադրբեջանը կարող է տուժել Իրանի գործողություններից»,-կարծիք է հայտնել Старше Эдды թելեգրամյան ալիքի հեղինակ Գերման Կուլիկովսկին:
Իրանի ռազմական ակտիվությունը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ «տեղն է դնում» Բաքվին և նվազեցնում Անկարայի ազդեցությունը Հրվ. Կովկասում. Независимая Газета
Մանրամասներ
0Comments