Mattel Inc. խաղալիքներ արտադրողը եւ Warner Bros. Pictures Group կինոստուդիան միավորվել են՝ ֆիլմ նկարահանելու համար, որի հերոսները կդառնան Barbie շարքի տիկնիկները: Ինչպես ասված է Mattel-ի հաղորդագրության մեջ, ֆիլմում, որի նկարահանումները դեռ չեն սկսվել, գլխավոր դերակատարը կլինի ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որն անցյալ տարի «Օսկար»-ի էր անվանակարգվել «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» կինոնկարի համար:
«Barbie-ն ամենաուղենիշային ֆրանշիզաներից մեկն է աշխարհում, եւ մենք երջանիկ ենք այն մեծ էկրան փոխադրել Warner Bros.-ի եւ Մարգո Ռոբիի հետ միասին»,-168.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Mattel-ի տնօրենների խորհրդի նախագահ Ինոն Քրեյզը:
Ավելի վաղ Mattel-ն արդեն փորձել էր Sony Pictures կինոստուդիայի հետ ֆիլմ նկարահանել Barbie տիկնիկների աշխարհի մասին, բայց տարբեր խնդիրների պատճառով նախագիծը դադարեցվել էր:
Ըստ լուրերի, տիկնիկի դերը կարող էին խաղալ Էնն Հեթեուեյը կամ կատակերգական դերասանուհի Էմի Շումերը:
2018 թվականի սեպտեմբերին Mattel-ն ստեղծել է հատուկ ստորաբաժանում, որն զբաղվում է ընկերությանը պատկանող բրենդների մոտիվներով կինոնկարների ստեղծմամբ: Mattel Films ստորաբաժանումը գլխավորել է հայտնի պրոդյուսեր Ռոբի Բրեները, որն աշխատել է «Գնորդների դալլասյան ակումբը» օսկարակիր ֆիլմի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
0Comments