Նախաձեռնություն, որ վնասելու է զբոսաշրջությանը. բողոքի ակցիա

Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում էին, որ իրենք կանոնավոր հարկեր են վճարում եւ ապահովում են Հայաստանում զբոսաշրջության զարգացումը


Առողջապահության նախարարության շենքի առջեւ այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնության, որով նախատեսվում է արգելել հասարարական վայրերում, այդ թվում` ռեստորաններում եւ սրճարաններում՝ ներառյալ  նարգիլեի համար նախատեսված վայրերում ծխելը։

«Բազմաթիվ մարդիկ այս բիզնեսում մեծ գումարներ են ներդրել, հազարավոր աշխատատեղեր են ստեղծել եւ այժմ փաստացի մեզ ցանկանում են արգելել աշխատել»,-բողոքել է ակցիայի մասնակիցներից մեկը, ով հրաժարվել է ներկայանալ:

«Օրենքի նախագծում առհասարակ բազմաթիվ բացթողումներ կան. սահմանումները ոչ միանշանակ են, առաջատար երկրների փորձը՝ անտեսված», - ասել է մյուս մասնակիցը։

Պետք է նշել, որ հավաքվածների թվում ինչպես «նարգիլեի սիրահարներ» էին, այնպես էլ ռեստորանների եւ սրճարանների տերեր: Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում էին, որ իրենք կանոնավոր հարկեր են վճարում եւ ապահովում են Հայաստանում զբոսաշրջության զարգացումը, սակայն Առողջապահության նախարարի նախաձեռնությանը կարող է զբոսաշրջության ոլոտին զգալի վնաս հասցնել: