Լուսնի հակառակ կողմի առաջին համայնապատկերային լուսանկարները

Չինական տիեզերական սարքը 360 աստիճանի լուսանկարներ է արել

Չինաստանի արձակած «Չանյե 4» տիեզերական սարքը Երկիր է ուղարկել Լուսնի հակառակ կողմում արված առաջին համայնապատկերային լուսանկարները, գրում է korrespondent.net-ը:

Համապատասխան լուսանկարները հրապարակել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը:

360 աստիճանի լուսանկարներն արվել են սարքի վերևի հատվածում տեղադրված տեսախցիկով: Մինչդեռ ֆիքսված կադրերը Երկիր են փոխանցվել հատուկ արբանյակի միջոցով:

Հայտնի է, որ սարքը հետազոտում է հարավային բևեռի հատվածը, մասնավորապես՝ Վոն Կարման խառնարանը:

Հատկանշական է, որ լուսնագնացն իր հետ Լուսնի հակառակ կողմն է տարել թթենու մետաքսագործի ձվեր, տարբեր տեսակի բույսերի սերմեր: Գիտնականները լուսնագնացի տեղաշարժին զուգընթաց հետևում են՝ ինչպես են այդ սերմերն աճում լուսնային միջավայրում:

Սա պատմական առաքելություն է ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, քանի որ սա Երկրի բնական արբանյակի հակառակ կողմի վրա բարեհաջող վայրէջքի առաջին դեպքն է: