Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն. Արա Բաբլոյան

Նախկին ԱԺ նախագահը ցանկանում է հեռանալ քաղաքականությունից

Նոր խորհրդարանում չեմ կարող աշխատել, որովհետև ես ինքս իմ թեկնածությունը ի սկզբանե չեմ դրել, որպեսզի ընտրվեմ պատգամավոր։
Այս մասին այսօր լրատվամիջոցների  ներկայացուցիչների  ընդունելության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»,-  ասաց Արա Բաբլոյանը։
ԱԺ-ում իր կատարած աշխատանքն Արա Բաբլոյանը չգնահատեց, նշելով, որ դժվարանում է գնահատել իր աշխատանքը, և դա կանեն լրագրողները:
Հարցին, թե հետևելո՞ւ է քաղաքական զարգացումներին, Արա Բաբլոյանն ասաց, որ  հետևելու է ոչ թե քաղաքականությանը, այլ՝ զարգացմանը:
Բացի այդ, Արա Բաբլոյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում օգտակար լինել խորհրդարանին.«Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին», - ասաց նա։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ ոլորտի մասնագիտությունների շարքում էլ կան լավ և վատ մասնագետներ:
«Ես գտնում եմ, որ մենք ձեզ հետ ինչ-որ տեղ կոլեգաներ ենք ու երբ մարդիկ ունեն հոգեկան խնդիրներ կամ հոգեբանական դժվարություններ, նրանք դիմում են բժիշկներին, որ ստանան օգնություն, իսկ լրագրողները կարող են հոգեկան ու հոգեբանական հանգստություն առաջացնել և հակառակը», - ասաց նա: