Սուքիասյանը փորձում է նոր դիսկուրս եւ նոր քաղաքական բաժանում գծել, որտեղ ինքը, որպես նախկին, կարողանա տեղավորվել եւ այդ «բաժանումը» գտել է 1998-ի իշխանափոխության տրամաբանության մեջ՝ ով «պարտվածների» թիմում էր, ճիշտ էր, ով հակառակ բեւեռում էր, «սխալ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Երբ խոսք է ասվում, ապա շատ դեպքերում կարեւոր է ոչ թե այն, թե ինչ է ասվում, այլ ինչի համար է ասվում։
Խաչատուր Սուքիասյանի ելույթ ունեցավ 1998-ի Վազգեն Սարգսյանի «սխալի» մասին եւ տպավորություն է ստեղծվում, որ 1998-ին տեղի ունեցած իշխանափոխության մասին քաղաքական քննարկում է փորձում սկսել , սակայն կարծում եմ, որ նպատակն ուրիշ է եւ զուտ անձնական դաշտում է գտնվում։
ՔՊ-ն հասարակության որոշ հատվածի մոտ լեգիտիմություն է ձեռք բերել «սեւեր-սպիտակներ», «նախկիններ-ներկաներ» բաժանման տրամաբանության մեջ, որում Սուքիասյանը չի տեղավորվում՝ «նորերի» ու «չթալանչիների» մեջ ինքն ինչ գործ ունի։ ՔՊ-ի ցուցակում նրա ներկայությունը դժգոհություններ է առաջացրել նաեւ այդ ֆրակցիայում» - աղավաղվում է «նոր սերնդի» մաքրության կանխավարկածը։
Ահա, այս վիճակից դուրս գալու համար, Սուքիասյանը փորձում է նոր դիսկուրս եւ նոր քաղաքական բաժանում գծել, որտեղ ինքը, որպես նախկին, կարողանա տեղավորվել եւ այդ «բաժանումը» գտել է 1998-ի իշխանափոխության տրամաբանության մեջ՝ ով «պարտվածների» թիմում էր, ճիշտ էր, ով հակառակ բեւեռում էր, «սխալ»։ Ահա, որեւէ «ճիշտ» թիմում տեղավորվելու համար էլ առաջ է բերվել 1998-ի թեման։
Nothing personal, just business.
Հ․Գ․ Ինձ ոչ Սուքիասյանն է հետաքրքրում, ոչ էլ իր ելույթը, ընդամենը քաղաքական պարզագույն տեխնոլոգիաները ներկայացնելու համար եմ սա գրել։
Նաեւ մի հին անեկդոտ պատմեմ։
Հնդկացիների առաջնորդները խարույկի մոտ խաղաղության մուշտուկ են ծխում, մեկ էլ առաջնորդներից մեկը խոսք է վերցնում ու ասում․
- Բոլոր ժողովուրդները նորմալ անուններ ունեն, ասենք Ջոն, Ջորջ, Իվան, Աշոտ, Ավթանդիլ, Ժակ եւ այլն, իսկ մեր անուններն անորմալ են՝ Արծվի Աչք, Արջի Թաթ, Օձի Լեզու եւ այլն, եկեք մենք էլ նորմալ անուններ վերցնենք։
Լռություն է տիրում, հետո ամենածեր ու ամենահեղինակավոր առաջնորդը վեր է կենում, քաշում մուշտուկն ու ասում․
- Մեծ հաշվով դու ճիշտ ես ասում, բայց պատճառհետեւանքային կապի առումով սխալվում ես, Եզան Հետույք»,- գրել է նա։
0Comments