Խադիջա Իսմայիլովան շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերի հիման վրա դատական գործը

Նա 15 000 եվրո փոխհատուցում կստանա

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտմամբ զբաղվող Խադիջա Իսմայիլովայի՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերի վերաբերյալ:
Նշվում է, որ Իսմայիլովան հայցերը ներկայացրել էր 2013 և 2014 թվականներին:
Հայցվորի պնդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերով ոտնահարել են ազատ խոսքի և անձնական կյանքի իր իրավունքները, ինչը պայմանավորված է եղել իր լրագրողական գործունեությամբ:
Հայցվորը նշել է, որ լրագրողական հետաքննություններով ու դրանց շրջանակում երկրի իշխանություններին քննադատությամբ զբաղվելուց հետո ինքը պարբերաբար սպառնալիքներ է ստացել, ահաբեկվել է ամենատարբեր միջոցներով:
Հայտնի է, որ Իսմայիլովան 85 000 եվրո փոխհատուցում էր պահանջում կրած բարոյական վնասի համար, սակայն ՄԻԵԴ-ի վճռով՝ կինը 15 000 եվրո փոխհատուցում կստանա անձնական կյանքի իրավունքի ոտնահարման և խոսքի ազատության ճնշման համար:
Իր կարիերայի ընթացքում Ադրբեջանի ամենանշանավոր հետաքննող լրագրողներից Խադիջա Իսմայիլովան բազմիցս հետապնդման է ենթարկվել, բացի այդ, նրան արգելել են երկրից դուրս գալ, համացանցում շրջանառվել են նրան վարկաբեկող տեսանյութեր, նա 17 ամիս անցկացրել է ազատազրկման մեջ,- հայտնում է Tert.am կայքը: