«Իմ քայլ»-ի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին

Կոստանյանի խոսքով՝ հունվարի 10-ին մանդատները պաշտոնապես ստանալուց հետո մինչեւ առաջին նիստը բոլոր հարցերի պատասխանները կլինեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարի 14-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։

«Խմբակցության քարտուղար կլինի Հակոբ Սիմիդյանը, հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների անունները դեռ քննարկվում են։ ԵԽԽՎ պատվիրակության կազմն էլ պատրաստ կլինի հունվարի 15-ին, որպեսզի 16-ին պատվիրակության անդամների անունները ուղարկվեն ԵԽԽՎ»,– ասել է Կոստանյանը։

Կոստանյանի խոսքով՝ հունվարի 10-ին մանդատները պաշտոնապես ստանալուց հետո մինչեւ առաջին նիստը բոլոր հարցերի պատասխանները կլինեն։

Նշենք, որ 7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10–ին։

7-րդ գումարման ԱԺ–ն ունի 132 պատգամավոր, որից 88 մանդատը պատկանում  է «Իմ քայլը» դաշինքին, 26-ը՝ ԲՀԿ–ին, 18-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

ԱԺ առաջին նիստը նախատեսված է հունվարի 14-ին՝ երկուշաբթի, ժամը 10։00-ին։