Դիարբեքիրի հայ համայնքն այս տարի սուրբծննդյան տոնը հայկական եկեղեցում նշել չի կարողանա

Եկեղեցին կրկնակի տուժել է Թուրքիայի կառավարական զորքերի և քուրդ ապստամբների միջև 2015-ին սկսված բախումների ժամանակ

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի հայ համայնքն այս տարի սուրբծննդյան տոնը հայկական եկեղեցում նշել չի կարողանա, այս մասին տեղեկանում ենք Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական պարբերականից:

Նշվում է, որ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու տարածքը մինչ օրս գտնվում է անանցանելի գոտում: Պոլսո Հայոց պատրիարքարանն անվտանգության նկատառումներով նախընտրել է այս տարի էլ սուրբծննդյան պատարագ չմատուցել այստեղ:

Աղբյուրը նշում է, որ Դիարբեքիրի հայությունը կայցելի տեղի գործող ասորական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծ հայկական եկեղեցին է Մերձավոր Արևելքում: Երկար տարիներ այն լքված է եղել: 2011-ին տարբեր երկրներում հայկական սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ (շուրջ 700 000 դոլար է հավաքվել) եկեղեցին վերականգնել են և վերաբացել ծխականների համար:

Եկեղեցին կրկնակի տուժել է Թուրքիայի կառավարական զորքերի և քուրդ ապստամբների միջև 2015-ին սկսված բախումների ժամանակ: