Սերժ Սարգսյանն այլեւս Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։
NEWS.am–ին համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանը խորհրդի նախագահ էր ի պաշտոնե, հետեւաբար հրաժարական տալուց հետո նաեւ ԵՊՀ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահը չէ։
«Հայտնի չէ, թե խորհրդի հաջորդ նիստը երբ տեղի կունենա, քանի որ նախ եւ առաջ պետք է Կառավարության կողմից հաստատվի խորհրդի նոր կազմը»,– ասաց Արամ Սիմոնյանը։
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում եւ հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաեւ լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի եւ տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ, իսկ առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը:
Հատկանշական է, որ ԵՊՀ պաշտոնական կայքում նշված է, որ Հոգաբարձուների խորհրդի անդամներ են Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը եւ այլք։
0Comments