Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր։
Պուտին-Փաշինյան հանդիպումը նախանշելու է հայ-ռուսական հարաբերությունների ապագան՝ տնտեսական, ռազմական և քաղաքական ուղղություններով: Հայաստանն այժմ շեշտում է ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցերը, բայց ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանը հայտնվել է հպարտ միայնության մեջ, կամ միակ հույսը՝ Ռուսաստանի հանդուրժողականությունն է:
Պարզվում է, որ արդեն ՀԱՊԿ անդամ վեց երկրներից հինգը հավանություն են տվել Բելառուսի Անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Հայաստանը միակ երկիրն է, որն իր համաձայնությունը չի տվել, երեկ ռուսական kommersant-ին հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը: Նա, մասնավորապես ասել է, որ համաձայնություն տվել են Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Բելառուսի նախագահները Զասի հետ հանդիպումից հետո: Ըստ թերթի՝ Պուտինը Զասին ընդունել է դեկտեմբերի 18-ին: Կրեմլի կայքում այդ մասին տեղեկատվություն չկա:
Զեյնետդինովը նաև ասել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը, կատարելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ Ղրղըզստանի նախագահ Սոորնոնբայ Ժեենբեկովի հրահանգը, պատրաստել է կազմակերպության արտգործնախարարների և ՀԱԽ որոշումները՝ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին՝ ՀԱՊԿ անդամ-պետություններում քննարկման համար»,- ասել է նա: Ռուսաստանի ԱԳՆ-ում kommersant-ի աղբյուրը հայտնել է, որ Մոսկվայում ակնկալում են, որ կադրային հարցը կլուծվի մինչև տարեվերջ, հայտնում է aravot.am-ը: «Կարծում եմ՝ դեկտեմբերի 27-ին հստակություն կլինի Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո: Ցանկալի է Նոր տարին սկսել դրական նոտայով: Ակնկալում ենք և հույս ունենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կորոշվի: Անհրաժեշտ է փոխզիջում: Ակնկալում ենք հայկական կողմի խոհեմությանը, և որ հաշվի կառնվի հինգ նախագահների դիրքորոշումը: Եթե դու ինչ-որ կազմակերպության մեջ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջման»,- ասել է թերթի աղբյուրը:
ՀԱՊԿ-ում տեղի ունեցածը վառ օրինակ է, թե ինչպես Հայաստանը արտաքին քաղաքական ճակատում մնաց հպարտ միայնության մեջ, ու ցույց է տալիս, թե գոհ է վիճակից:
Իսկ իրականում առանց Հայաստանի ՀԱՊԿ-ում մեր «դաշնակիցները» արդեն որոշել-ավարտել են մի գործընթաց, որի ավարտն, ի սկզբանե հայտնի էր շատերին, պարզապես մեր իշխանությունները նախընտրեցին խրոխտ ու ամպագոռգոռ հայտարարությունների շռայլել, իսկ վերջում մնալ հպարտ միայնության մեջ:
Իսկ թե ինչպես է այսուհետ Հայաստանը վերականգնելու ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամ գործընկերների վստահությունը և այլ խնդրահարույց թեմաներում ստանալու նրանց համաձայնությունը՝ ցույց կտա ժամանակը:
hayeli.am
0Comments