Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է երկրի ընդհանուր ներքաղաքական վիճակը, ինչպես նաեւ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում, ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը։
««Հայրենիքի փրկության շարժումը» պնդել է իր դիրքորոշում, որ միակ լուծումը հակասահմանադրական փաստաթուղթը՝ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը, պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան»,- նշեց նա։
Բաղդասարյանն ասաց, որ նախագահի հետ հանդիպել են երեք անգամ. «Հանդիպումն առաջին անգամը չէր։ Առաջին հանդիպման ժամանակ մենք բավանականին բազմաբովանդակ խոսել ենք, ներկայացրել էինք մեր պահանջները։ Սա երրորդ հանդիպումն էր, կարիք ուներ ինչ-որ դետալներ ճշտելու, ինքը խոստացավ, որ մինչեւ օրենքով սահմանված օրվա վերջը ինքը կմտածի եւ իր որոշման մասին տեղյակ կպահվի։ Ինքն իրավունք ունի մինչեւ սահմանված ժամկետն ուղարկելու, նա չի ասում՝ չեմ ուղարկում, պարզապես նա բաներ ունի ճշտելու»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է նախագահը հապաղում, Բաղդասարյանն ասաց. «Դա իրեն հարցրեք։ Ինձ համար էլ է զարմանալի հապաղման իմաստը»։
«Նա ասաց, որ ես պնդում եմ նորից, որ հակասահմանադրական է, պատճառը դա է եղել, որ ես չեմ ստորագրել, բայց ես պետք է մտածեմ՝ ինչպես անեմ, որպեսզի ցնցումներից խուսափենք, որ արդյունավետ լինի, պետք է բոլոր կողմերի հետ խոսեմ»,- ասաց Բաղդասարյանը։
Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ նախագահի միակ ելքը՝ որպես Սահմանադրության պաշտպան եւ երկրի գլուխ՝ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելն է։
Հարցին՝ արդյոք հանդիպմանը նախագահն ասե՞լ է, որ իր նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշումներ են իրականացվում, Բաղդասարյանն ասաց. «Ոչ, ինքը բացառում է նման երեւույթները»։
0Comments