Շիրակում անկած հավերի մոտ արձանագրվել է թռչնի Նյուքասլյան հիվանդությունը

Երևանում անասնաբույժների կողմից իրականացվել են շրջայցեր աղբաշատ վայրերում

Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Հայտնում են Սննդի անվտանգության պետական տեսչական մարմնից։

«Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք կարող է լինել: Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում չէին կարող արձանագրվել բացառապես ագռավազգիների (չափսով մեծ թռչունների) անկման դեպքեր, և ոչ մի դեպք վայրի մանր կամ ընտանի, այդ թվում՝ դեկորատիվ թռչունների անկման»,-նշում են մարմնից։

Հիշեցնենք, որ ըստ աղբյուրի, հայտնաբերված ագռավների մոտ լաբորատոր հետազոտությամբ հիվանդություններ չեն հայտնաբերվել, այլ առկա են եղել միայն ակնհայտ մեխանիկական բնույթի վնասվածքներ:

Ինչ վերաբերում է Շիրակի մարզում հավերի անկման պատճառներին, ապա,  լաբորատոր հետազոտության արդյունքում, արձանագրվել է թռչնի Նյուքասլյան կամ կեղծ ժանտախտ հիվանդությունը:

Տեսչական մարմնից մանրամասնում են. «Հիվանդության պատճառը վիճակագրական ծառայության և գյուղում փաստացի առկա թռչունների քանակների անհամապատասխանությունն է եղել, ինչի պատճառով մի շարք թռչուններ չեն պատվաստվել: Հավելենք նաև, որ թռչունների Նյուքասլյան հիվանդությունը զոոնոզ հիվանդություն չէ և չի փոխանցվում թռչնից մարդուն:

Երևանում անասնաբույժների կողմից իրականացվել են շրջայցեր աղբաշատ վայրերում (աղբանոցներ և այլ): Անկած ագռավներ և այլ թռչուններ չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով նաև շրջանառվող լուրերն ու լաբորատոր արձանագրությունները, ագռավազգիների անկման շարունակական լինելու դեպքում, Տեսչական մարմինը կդիմի ոստիկանությանն՝ առաջարկելով «որսորդներին» բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։