ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու առթիվ: Այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:
«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք պայմանավորվել են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Շատ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով` գործն ավարտին հասցնելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը։
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:
0Comments