ՌԴ–ի համար առաջնահերթ կարևոր է կայունությունն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում․ Զախարովա

Զախարովան ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի յուրահատուկ դերակատարությունը հակամարտող կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու հարցում

Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, ծայրահեղ շահագրգռված է Ադրբեջանում և Հայաստանում կայուն իրավիճակի պահպանմամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստածրագրի եթերում:

«Ներկայիս իրավիճակի եզակիությունն այն է, որ սեփական շահերի առկայության պարագայում, որ մենք ունենք և պաշտպանում ենք, մեզ համար առաջնահերթությամբ կարևոր է կայունությունն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, և նրանց հարաբերությունները մեզ համար կարևոր և առաջնային են»,- ասել է դիվանագետը: 

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս խաղալ այլ երկրների ժողովուրդների զգացմունքների հետ և երբեք «դատարկ հռետորաբանությամբ չի զբաղվում»: Նրա խոսքով՝ Ռուսաստանին հաջողվել է արդյունքի հասնել դիվանագիտական ջանքերի հիմունքներով: Զախարովան ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի յուրահատուկ դերակատարությունը հակամարտող կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու հարցում:

«Պետք է մի կարևոր բան հիշել, թե ինչ աշխատանք է կատարել անձամբ մեր երկրի նախագահը, որպեսզի հնարավոր դառնա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների ժամանումը մեր մայրաքաղաք: Կարծում եմ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած զրույց պետք է սկսել այն ըմբռնումով, թե ով է իրական ընկերը, և ով այնքան էլ չէ»,- հավելել է Զախարովան:

Վերջինս ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր առաջ խնդիր էր դրել ոչ թե մտերմացնելու կողմերին, այլ փաստաթուղթ մշակելու, որը թույլ կտա սկսել հակամարտության կարգավորման ուղին: