Թշնամու ագրեսիան հետ մղելուց զոհվել են ԱԻՆ պետական ակադեմիայի ուսանողներ Էրիկ Սահակյանն ու Տիգրան Սիմոնյանը

Մանրամասներ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված հերոսների թվում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողներ Էրիկ Սահակյանն ու Տիգրան Սիմոնյանը։ Նրանք ժամկետային զինծառայողներ էին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած տղաների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:

Փառք հերոսներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։