Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Պուտին-Ալիև հեռախոսզրույցից

Երկխոսությունը կշարունակվի

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսզրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, նրան շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, որից հետո կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Իրապես եղել է հեռախոսազրույց: Կողմերը հակիրճ հիշեցում են կատարել և քննարկել Ղարաբաղին վերաբերող հարցերը: Երկխոսությունը շարունակվելու է»,- նշել է Պեսկովը՝ ի պատասխան Պուտինի և Ալիևի զրույցը հաստատելու մասին լրագրողների խնդրանքին: 

Նշվում է, որ նախագահները նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարներն են քննարկել: 

Աղբյուրը նշում է, որ սա հակամարտության սրացումից հետո Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև առաջին հեռախոսզրույցն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։