Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման, մեկը՝ հետմահու. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանրամասներ

Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դավիթ Լյովայի Գրիգորյան, 2020-ի դեկտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա:

Էդգար Էդվարդի Մարկոսյան. այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իր վստահված հատվածը:

Յուրա Հայկարամի Ալավերդյան. Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել:

Գնդապետ Շաքարյանը Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հակահետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ:

Դավիթ Վանիկի Ղազարյան՝ ցավոք, հետմահու. վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, նա իրականում հերոսություն է կատարել»,-ներկայացրեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է իր առաջնագիծ գնալուն, Հարությունյանն ասաց, թե մտահոգվելու բան չի եղել. «Մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ»,- նշեց նա:

ԱՀ նախագահը հայտարարեց՝ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը, հրամանատարից, գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում, փայլուն կատարում են:

«Ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե սպառազինություններով ամենազինված, ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ զինվորները, սպայական կազմը հրաշքներ են գործում՝ վտանգելով իրենց կյանքը, անտեսելով մահը։ «Մեզ դա է պետք. եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը, հաղթելու ենք. մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու»,-ասաց նա: