Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը օգոստոսի 28-ին որոշում է ընդունել 2019 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 42 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 4 միլիոն 705 հազար դրամ միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չէ այդ որոշման հավելվածը, դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները։
Սեպտեմբերի 12-ին մարզպետն իր մեկ այլ որոշմամբ 35 քաղաքացիների ընդհանուր առմամբ տրամադրել է 2 միլիոն 500 հազար դրամ օգնություն։ Տավուշի նախկին մարզպետների պաշտոնավարման ժամանակ մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին պետական բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացինների անուն-ազգանունները, իսկ 2019թ. փետրվարի 6-ից պաշտոնավարող Հայկ Չոբանյանի կայացրած դրամական օգնություն տրամադրելու որոշումներում քաղաքացիների այդ տվյալները հրապարակված չեն։ Դա, հավանաբար, կատարվում է քաղաքացիների անձնական տվյալները չհրապարակելու պատճառաբանությամբ։
Աղքատության բարձր մակարդակ ունեցող սահմանամերձ մարզի բնակիչները չգիտեն, թե ինչու տարբեր քաղաքացիների տարբեր չափերով են պետբյուջեից օգնություն հատկացնում, ամենամեծ դրամական օգնություն ստացածները ամենաանապահո՞վ թե՝ ամենամեծ սոցիալական խնդիրներն ունեցող քաղաքացիներն են։ Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական բյուջեից պարգեւատրվում են, սակայն դրանց վերաբերյալ որոշումները մարզպետարանի ինտերնետային կայքում չեն հրապարակվում։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
0Comments