STX Entertainment ստուդիային, որը նկարահանել է «Մերկապարուհիները» ֆիլմը, դատական հայց է սպառնում գլխավոր հերոսուհու նախատիպից՝ Սամանտա Բարբաշից։ Ամերիկյան Variety հրատարակությանը տված հարցազրույցում նրա փաստաբանը հայտնել է, որ ֆիլմի հեղինակներն օգտագործել են նրա կյանքի պատմությունն առանց թույլտվության եւ ֆինանսական փոխհատուցման։

Ֆիլմում Ջենիֆեր Լոպեսը մարմնավորում է Ռամոնայի կերպարը, որը ստրիպտիզ-ակումբի մյուս աշխատակիցների հետ Ուոլ սթրիթի գործարարներին կողոպտելու սխեմա է կազմել։ Բերբաշը, որի պատմությունը ռեժիսորին ոգեշնչել է ստեղծել ֆիլմը, 2017թ.-ին իրեն մեղավոր է ճանաչել, սակայն միայն 5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։

Բարբաշի խոսքով՝ Լոպեսն անձամբ է իրեն առաջարկել թույլտվություն ստորագրել, սակայն մերժում ստանալով՝ ամեն դեպքում սկսել է ֆիլմի արտադրությունը։ Ստուդիան հայտարարել է, որ իր անկապտելի իրավունքն է համարում պատմություններ հրապարակել, որոնք հիմնված են հանրահայտ փաստերի վրա եւ պատրաստ է այդ հարցը լուծել դատարանում։ Առայժմ չի հստակեցվում նախկին մերկապարուհու հայցապահանջի գումարը։
0Comments