ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ընթացակարգ սկսելու որոշման մասին, որի նպատակն է որոշել, թե կան արդյոք հիմքեր երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկում հայտարարելու համար:
«Այսօր ես հայտարարում եմ, որ Ներկայացուցիչների պալատն սկսում է պաշտոնազրկման հարցի պաշտոնական հետաքննությունը»,- ասել է Փելոսին, որի ելույթը հեռարձակել է ԱՄՆ-ի հեռուստատեսությունը:
«Նախագահը պետք է պատասխան տա իր գործողությունների համար: Ոչ ոք վեր չի կանգնած օրենքից»,- հավելել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների այդ քայլը, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, վտանգ չի ներկայացնում իր համար եւ միայն կօգնի 2020 թվականին հասնելու երկրորդ ժամկետով վերընտրման: Սեպտեմբերի 25-ին նա նաեւ նշել է, որ դեմոկրատները հատուկ հենց այդ օրն են ընտրել հայտարարելու իրենց որոշման մասին՝ ձգտելով շեղել ուշադրությունն իր հաջողություններից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Միացյալ Նահանգների մի շարք զանգվածային լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել են, որ Թրամփը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցում փորձել է Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համոզել հետաքննություն սկսելու Հանթեր Բայդենի՝ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, թե Թրամփը, փորձելով հետաքննություն նախաձեռնել Բայդենի որդու դեմ, ձգձգել է ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
0Comments