Պայթյունավտանգ իրավիճակ. Վայոց Ձորի գլխին վենդետայի սուրն է կախվել.«Ժողովուրդ»

Զինվորականները մեկ մարդու պես առաջ են տանում թեզը, որ ով էլ եղած լինի փոխգնդապետ Արա Մխիթարյանի գլխին քարով հարվածողը, նա հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաների գլխին ու պետք է պատասխան տա ոչ միայն օրենքի առջեւ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեժ մթնոլորտը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայտնի ծեծի միջադեպից հետո չի պարպվում Վայոց ձորի մարզում: Եղեգնաձորում վենդետայի սուրն է կախվել: Բանն այն է, որ զինվորականները մեկ մարդու պես առաջ են տանում թեզը, որ ով էլ եղած լինի փոխգնդապետ Արա Մխիթարյանի գլխին քարով հարվածողը, նա հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաների գլխին ու պետք է պատասխան տա ոչ միայն օրենքի առջեւ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզում իրավիճակը հարթելու համար ՀՀ ՊՆ-ն ստիպված է եղել մայրաքաղաք Երեւանից խումբ ուղարկել: Թե ինչով կավարտվեն բանակցությունները, դժվար է ասել, քանի որ քրեական գործի քննության ընթացքը չի բավարարում զինվորական կողմին, որտեղ քարով գլխին հարվածելու մասով, ըստ էության, դեռ ոչինչ չի քննվել:

Ի՞նչ խումբ է ՊՆ-ից գործուղվել Վայոց ձոր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծուն Հովհաննիսյանը ասաց, թե միշտ էլ զորամասեր այցելություններ լինում են, դրանք բնական գործընթացներ են եւ հատուկ ինչ-որ բանի հետ կապել պետք չէ: Հավելենք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել է, որ թեեւ ինքը զինվորականի ծեծի հետ կապ չունի, բայց միջադեպի պատճառով հրաժարվում է մարզպետի պաշտոնից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում