Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ մթերքների (օրինակ՝ կարկանդակների եւ չիփսերի) ազդեցությունը առնետների կոգնիտիվ ֆունկցիաների վրա, հայտնում է Naked-Science-ը՝ վկայակոչելով Scientific Reports-ին:
Փորձին ներգրաված առնետներին բաժանել են 4 խմբի: Հետազոտողները 6 շաբաթ խմբերից երեքին տվել են ոչ առողջ սնունդ: Առաջին խմբի առնետները մեկ շաբաթ 3 օր անընդմեջ գործածել են վնասակար սնունդ, որից հետո 4 օր կերակրվել են առողջ սննդակարգով: Երկրորդ խմբի կրծողների համար այս ընդմիջումները կազմել են համապատասխանաբար՝ 5 եւ 2 օր, իսկ երրորդ խմբի կրծողներն ամբողջ փորձի ընթացքում կերակրվել են վնասակար մթերքներով: Վերջինը ստուգիչ խումբն էր, որը սնվել է միայն առողջ սնունդով:
Կենդանիները ոչ առողջ «սննդակարգի» 16-18-րդ եւ 23-25-րդ օրն անցել են օբյեկտները եւ դրանց տեղադրման տեղերը մտապահելու ստուգման թեստերի շարք: Հիշողության ստուգումն անցկացվել է հատուկ տուփի մեջ՝ պատրաստված 60х60х60 սանտիմետր չափերով սեւ ակրիլից, որի հատակը նշագծված էր 4 քառակուսիով: Առնետներին սկզբում վարժեցրել են դատարկ տուփին՝ նրանց 2 օր անընդմեջ ներս բաց թողնելով 10 րոպեով: Դրանից հետո կրծողներին 5 րոպեով դնում էին տուփի մեջ, որտեղ որոշակի տեղերում դրված էր 2 առարկա, որոնք կարող էին լինել կերամիկական բաժակներ կամ ալյումինե բանկաներ:
Այն բանից հետո, երբ կենդանին ուսումնասիրել է իրադրությունը, նրան 5 րոպեով հեռացրել են տուփից, այդ ընթացքում առարկաները եւ հարթակը մաքրել են էթանոլով, այնուհետեւ կա՛մ փոխարինել են առարկաներից մեկը, կա՛մ այն այլ քառակուսի են տեղաշարժել: Այս գործողություններից հետո առնետին 3 րոպեով վերադարձրել են տուփի մեջ:
Տարածական հիշողությունը գնահատել են ճանաչելու ինդեքսի միջոցով: Այս պարամետրը հաշվարկվել է որպես ժամանակ, որը ծախսվել է նոր կամ տեղաշարժվող առարկայի ուսումնասիրման վրա, որը հարաբերակցվել է թեստի տուփում 2 առարկաների ուսումնասիրման վրա ծախսված ժամանակին: Այս պարամետրի ավելի ցածր նիշերը վկայել են ճանաչելու որակի վատթարացման մասին:
Հետազոտության տվյալները ցույց են տվել, որ կախված «ջանք-ֆուդի» (փուչ կալորիաներ) հասանելիության հաճախությունից՝ կենդանիների տարածական հիշողությունն այս կամ այն աստիճանով վատթարացել է: Առնետը որքան շատ օրեր է անընդմեջ սնվել ոչ առողջ մթերքներով, այնքան ավելի վատ է վերարտադրել տարածական տեղեկատվությունը:
«Բոլորս գիտենք, որ վնասակար մթերքների նվազագույն քանակությամբ առողջ սննդակարգն օգտակար է մեր ընդհանուր առողջության եւ աշխատունակության համար, բայց այս հոդվածը ցույց է տալիս, որ այն (առողջ սննդակարգը – խմբ.) նաեւ կարեւոր է ուղեղի օպտիմալ աշխատանքի համար»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ Մարգարեթ Մորիսը:
0Comments