Իմ քայլի պատգամավորը մի առաջարկ արեց, ինչի համար միգուցե «այրվի խարույկի կրակներում»

Խորհրդարանը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը

Խորհրդարանը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից երեք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որն ավելի հայտնի է բալային համակարգի անցնելու անունով:

Մտքերի փոխանակման փուլում Իմ քայլի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, դիմելով նախագիծը զեկուցող փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, մի առաջարկ արեց` նշելով, թե միգուցե դրա համար «այրվի խարույկի կրակներում». «Եվրոպական երկրներում այսպիսի փորձ կա` մարդու տարեկան հայտարարագրումը որքան բարձր է, այդքան այդ մարդու տուգանքը բարձրանում է: Հայաստանում այս պահին դա հնարավոր չէ, քանի որ ոչ բոլորն են հայատարարագիր ներկայացնում: Դրա համար այլ տարբերակ կա` տուգանքի չափը կապ ունի ավտոմեքենայի շքեղության հետ: Երբեմն մարդկանց համար այդ 5000 դրամը նշանակություն չունի: Եթե հնարավոր է, խնդրում եմ քննարկել այդ հարցը»: