Հուլիսի 2
«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չեք մտնի»
Ճանապարհը քարքարո՞տ է թվում: Ոչ մի խոչընդոտ չի կարող արգելք լինել քո առաջընթացին: Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն: Արիացիր: Գալիքը տեսնել մի ցանկանա: Այդպես անելով՝ դու կողոպտում ես հավատքը իր սքանչելի գեղեցկությունից:
Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում: Ոչ թե տեսնելը, այլ հավատքն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի: «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»: Այս էր Իմ Խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բժշկվելու համար:
Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատքը այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչու՞ էի Ես՝ Իմ Թագավորությունը մտնել ցանկացողներին, անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել: Հավատքը մանկական վերաբերմունք է:
Աշխատիր ամեն բանի մեջ մանկանց նմանվել: Փնտրիր, ջանք թափիր, որ գտնես, մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ մանկան վստահող հոգին: Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգին, այլև՝ կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար, նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց հետ միասնաբար վայելելու համար: Հաճախ խնդրիր, որ կարողանաս փոքրիկ մանկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին, ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին: «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չեք մտնի»:
0Comments