Ռուսաստանի նախագահին կից պետական խորհրդի նիստի ժամանակ ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միավորել ռուսական մարզերն ու երկրամասերը, ստեղծել ավելի մեծ միավորներ, որպեսզի հնարավոր լինի լուծել ենթակառուցվածքային ծրագրեր։ Այս մասին հայտնում է ռուսական TASS գործակալությունը։
Ժիրինովսկիի խոսքով՝ Ռուսաստանի համար 85 վարչատարածքային միավորը շատ է, պետք է երկիրը բաժանել ընդամենը 40 մարզի՝ յուրաքանչյուրը՝ մոտ 5 մլն բնակչությամբ։ Այլապես, ըստ գործչի, օրինակ ճանապարհ կառուցելիս ամեն 100 կիլոմետրից հետո ստիպված են լինում մեկ այլ երկրամասի սահմաններ անցնել ու հարցերը լուծել այդ երկրամասի բյուջեի շրջանակներում։
Հատկապես ուշադրությունը Ժիրինովսկին հրավիրել է Մոսկվայի վրա՝ ասելով, որ այնտեղ միանգամի երեք կառավարություն է գործում՝ քաղաքինը, համանուն մարզինը և դաշնությանը։ Պատգամավորն առաջարկում է Մոսկվան միավորել համանուն մարզի հետ ու այնտեղի կառավարությունը հանել կենտրոնական թաղամասերից։ Նույն կերպ Ժիրինովսկին առաջարկում է Սանկտ Պետերբուրգը միավորել Լենինգրադի մարզի հետ ու ստեղծել մեկ վարչական միավոր։
Ավելին, քաղաքական գործիչն առաջարկում է ռուսիֆիկացնել քաղաքի անունը՝ Պետերբուրգի փոխարեն Պետրոգրադ։
0Comments