Երեւանում, այսօր՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Բեդրոս Գորիչյանը իր վարած Ford մակնիշի 36 AD 370 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշեն վարչական շրջանի 9 եւ 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է ոստիկանություն:
Ոստիկանները վարորդին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, քանի որ դեպքի վայր էին ժամանել նաեւ մահացածի հարազատները, եւ չէր բացառվում, որ նրանք հաշվեհարդար կտեսնեին վարորդի նկատմամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը նաեւ Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի էր եւ եկել էր անձնագրային բաժանմունք՝ անձնագիրը ստանալու, քանի որ 2 օրից մեկնելու էր Ֆրանսիայի Հանրապետություն։
0Comments