Միրոնովը կոչ է անում արգելել վրացական գինու և գյուղմթերքի ներկրումը Ռուսաստան

Եթե Թբիլիսին ի վիճակի չէ գնահատել բարի կամքի ժեստերը, իմաստ չեմ տեսնում շարունակել առևտրական կապերը մի երկրի հետ, որը պարբերաբար հակառուսական քաղաքականությամբ է հանդես գալիս

Ռուսաստանի պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն իր կարծիքն է հայտնել վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և ռուս-վրացական հարաբերությունների մասին: Մասնավորապես, նա կոչ է արել Վրաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

«Եկեք ուղիղ խոսենք: Վրաստանից մթերքի և գինու ներկրումը այդ երկրի տնտեսության համար բարեգործություն է մեր կողմից և մենք այդ բարեգործությունն անում ենք տեղացի գինեգործների ու գյուղարտադրողների հաշվին: Եթե Թբիլիսին ի վիճակի չէ գնահատել բարի կամքի ժեստերը, իմաստ չեմ տեսնում շարունակել առևտրական կապերը մի երկրի հետ, որը պարբերաբար հակառուսական քաղաքականությամբ է հանդես գալիս»,- Միրոնովին է մեջբերում «ՌԻԱ»-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, Վրաստանի խորհրդարանում անցկացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքները, որի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահությունում ու վարել նիստը, ինչը դժգոհություն էր առաջացրել երկրի արմատականների շրջանում և վեհաժողովի աշխատանքները դադարեցվել էին: Արմատականներններն ու ընդդիմությունը սկսել էին հավաքվել խորհրդարանի մոտ, արդյունքում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել էր  արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: