Հիմնականում խաղաղ է ընթանում

ՔՊ-ական թեկնածուն՝ ընտրությունների ընթացքի մասին

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 29/08 ընտրական տեղամասում քվեարկեց քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանը: Լրագրողների հետ զրույցում թեկնածուն ասաց, որ ընտրությունները հիմնականում խաղաղ են ընթանում, փոքրիկ խախտումներ կան, որոնք չեն կարող ազդել ընդհանուր արդյունքների վրա:

Լրագրողի դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյնաը շրջում է ընտրական տեղամասերով, որպեսզի «հաստավզերի կուտակումներ չլինեն», արդյոք ինքը նկատել է նման կուտակումները, Գույանն ասաց, որ ինքը չի շրջում ընտրական տեղամասերով, քանի որ հանգստանում է. «17 օր քարոզարշավ եմ իրականացրել, այսօր ինձ հանգիստ եմ տալիս»:

Հարցին, թե նրա քարոզարշավին անձամբ վարչապետն է մասնակցել, արդյոք իրեն առաջադրած քաղաքական ուժի կողմից պահանջ է դրվել, որ անպայման ինքը պետք է ընտրվի, թեկնածուն ասաց, որ նման պահանջ չկա․ «Մենք չենք ընտրողը, քաղաքացիներն են ընտրում, մենք մեր թենածությունը առաջադրում ենք եւ քաղաքացիների վստահության քվեն, բնականաբար ակնկալում ենք»,-հավելեց նա:

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը:

Մյուս թեկնածուներն են՝ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

Աբովյանում կա 27 տեղամաս։ Ընտրողների թիվը 44 600 է: Ժամը 8:00-ից բացվել են ընտրատեղամասերը: