Ցավոք, այս ամառային շոգ օրերին գյուղը որոշ տեղերում կանգնել է ու իր իմացածով գերան է կոտրում

Վեոլիա ջուր ընկերության մասնագետը, ով, ինչպես ամեն օր, եկել էր փականի աշխատանքը կարգավորելու, հանդիպել էր դիմադրության ու չէր կարողացել մյուս գյուղերի ջրամատակարարումն ապահովել

Երեկ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում բնակիչները փակել էին՝ զոդման եղանակով, Գառնիից դեպի մարզի հարավային հատվածի բնակավայրերը ձգվող ջրատարի վրայի դիտահորի կափարիչը: Վեոլիա ջուր ընկերության մասնագետը, ով, ինչպես ամեն օր, եկել էր փականի աշխատանքը կարգավորելու, հանդիպել էր դիմադրության ու չէր կարողացել մյուս գյուղերի ջրամատակարարումն ապահովել:

Գյուղացիները դժգոհ են գրաֆիկից: Նրանք գտնում են, որ «այնտեղ» շատ ջուր է հասում, մինչդեռ ԻՐԵՆՔ «ընդամենը» ժամը 7.00-15.00 են ջուր ստանում: Ըստ նրանց՝ դա խիստ անարդար է, չէ՞ որ մայրուղային ջրատարը հենց ԻՐԵՆՑ գյուղի հարևանությամբ է անցնում: Հետևաբար, հենց ԻՐԵՆՑ է վերապահված առաջինն այդ ջրից օգտվելու իրավունքը՝ շուրջօրյա և ըստ պահանջի: Որից հետո միայն կարելի կլինի «մնացածը» տալ հարևան գյուղերին: Թե որքան կլինի այդ «մնացածը»՝ քաղցրաշենցիներին առանձնապես չի հուզում:

Չի հուզում նման «մանրուքը» նաև խարբերդցիներին, ովքեր գրեթե ամենօրյա ռեժիմով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա՝ Նուբարաշենի խճուղու մոտ դիտահորի փականի բացվածքը «ճշգրտում են»՝ ի օգուտ Նոր Խարբերդի: Ի լրումն 80 լիտր վայրկյանում ջրաքանակի՝ հասանելիքն ավելացնելով 50-60 լիտրով: Նրանց ապօրինության հետևանքով նույնքանով նվազում է Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին տրվող ջուրը:

Իսկ «Վեդի Ալկո» ձեռնարկությանը հարակից Բանավանի բնակիչներն իրենց խնդրի լուծումը տեսնում են հարևան Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերն անջուր թողնելու մեջ: ԵՎ նորից նույն՝ դեպի նշված բնակավայրերը ձգվող խողովակաշարի դիտահորի փականի աշխատանքին միջամտելու եղանակով:

Քիչ չեն նման դեպքերը նաև այլ տարածաշրջաններում: Այսպես, Կոտայքի մարզի Արզնի ավանում Վեոլիա Ջուրը ցանկանում էր երկու վթարված և զգալի հոսակորուստների հանգեցնող ջրագծեր ապամոնտաժել: Ընդ որում, սպառողը չէր տուժելու, նրա գրաֆիկն ապահովվելու էր այլ ջրագծերի միջոցով: Սակայն երբ երեկ ընկերության աշխատակիցները գնացին գործ ավարտին հասցնելու, «վտանգի հոտ առած» բնակիչները միահամուռ ոտքի ելան: Ու հերոսաբար հաղթեցին: Առանց հասկանալու, թե ում և ինչու:

Ցավոք, այս ամառային շոգ օրերին գյուղը որոշ տեղերում կանգնել է ու իր իմացածով գերան է կոտրում: Դրանով պայմանավորված, ամենուր չէ, որ Վեոլիա ջրին հաջողվում է օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնել: Ավելին, երբեմն գործը համակարգի աշխատակիցների անվտանգությանն է հասնում, որով պայմանավորված, ընկերությունը խուսափում է իրավիճակի հետագա սրացումից: Անգամ ոստիկանների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատարների ներկայությունը երաշխիք չէ կոնֆլիկտային իրավիճակների հարթմանը:

Հարց է առաջանում, նման պայմաններում արժե՞ արդյոք զարմանալ, եթե այս ամառային օրերին ջրամատակարարման գրաֆիկի ապահովման հարցում որոշ բնակավայրերում առաջանան խնդիրներ:

Վեոլիա ջուր ՓԲԸ
Հանրային կապերի բաժին