Ատելություն է սերմանվում, իսկ իշխանությունն անգործություն է ցուցաբերում

Ոստիկանության մոտ մեր ակցիան կոչ էր իշխանություններին

Այն անօրինականությունը, այլանդակությունը, որ ամիսներ շարունակ թե եթերից, թե սոցիալական ցանցերում հնչում է ողջ հանրության առջև, հնչում է՝ սերմանելով ատելություն, ծայրագույն վրեժխնդրություն մեր քաղաքացիների նկատմամբ: Այս մասին այսօր ոստիկանության առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ այս ամենի հետ զուգահեռ սպառնալիքներ են հնչում Արցախի հերոսների, սրբազան հոր նկատմամբ: «Այդքանից հետո տեսնում ենք իշխանության ակնհայտ անտարբեր, փնթի, նույնիսկ առանձին դեպքերում հրահրող կոչեր կամ անգործություն, և բնական է, որ հասարակության մեջ լինում է ընդվզում»,-նկատեց Մինասյանը:

Ըստ նրա՝ այդ երևույթի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որը ժամանակին չկանխեց այդ ամենը:Նշենք, որ ՀՅԴ-ականները ոստիկանության մոտ էին, որտեղ հայտարարել էին, որ իրենք են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար:

«Սա առաջին հերթին կոչ է՝ ուղղված իշխանություններին օր առաջ վերջ տալ այս վիճակին, դատապարտել և հետևողական լինել բոլոր անհանդուրժողական ու թշնամանք ցուցաբերող վերաբերմունքին, որ մեր երկրում քարոզվում է»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց, որ իրենց ուժը չէր կարող հանդուրժել բռնությունը, իսկ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը իշխանության վրա է:

«Այն անձանց, ովքեր թույլ են տվել իրենց այդպիսի վարքագիծ, ինչպիսին տեսանք օրեր առաջ, կենթարկվեն համապատասխան պատասխանատվության»,-հայտարարեց նա:

Հարցին, թե այսինքն՝ կրկին ծեծի կենթարկվեն, նա ասաց՝ չգիտի, թե ինչի կենթարկվեն, բայց հասարակության մեջ չպիտի սերմանվի ատելություն: