Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծես հիշողության կորուստ ունի։ Նա մոռացել է, թե ով էր ինքը մեկ տարի առաջ՝ մինչեւ հեղափոխությունը, եւ ով է հիմա։ Գրիգորյանը, ով հեղափոխությունից առաջ ընդամենը արեւմտյան գրանտներով սնվող ակտիվիստ էր ու պարբերաբար հանդես էր գալիս Ռուսաստանի, Պուտինի դեմ հայտարարություններով, այսօր մոռացել է այդ ամենն ու հերքում է դա՝ լրագրողին մեղադրելով սուտ խոսելու մեջ։ Մասնավորապես, Արմեն Գրիգորյանը, ով հազվադեպ է կառավարության նիստից հետո իջնում ու շփվում լրագրողների հետ, երեկ բավականին ջղաձիգ պահվածք ցուցաբերեց, երբ հիշեցրինք նրա երբեմնի հակապուտինյան ու հակառուսական քարոզչության ակցիաների մասին։
- Պարոն Գրիգորյան, անընդհատ խոսվում է, որ Դուք հակառուսական ակցիաներ եք արել, հակառուսական քաղաքականություն եք վարել, արեւմտամետ գործիչ եք եղել, եւ հիմա Ռուսաստանը Ձեզ այդքան էլ չի ընդունում, եւ Դուք փորձում եք հարաբերություններ հաստատել, որպեսզի ավելի ընկալելի լինեք Ռուսաստանի համար։ Ի՞նչ կասեք այս մասին։
- Տեսեք, ինչ վերաբերում է Ռուսաստանին կամ Արեւմուտքին, այս հարցը, կարծում եմ, մոտ մեկ տարվա հնության հարց է, էս հարցին բազմաթիվ անգամ պատասխանել եմ, հայ-ռուսական հարաբերություններում ես որեւիցե խնդիր չեմ տեսնում, իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն երեք հանդիպում, շուտով՝ հունիսի 18-ին, կունենանք հանդիպում Ռուսաստանում, նաեւ, երեւի, Պատրուշեւի այցը կլինի Հայաստան․ դա բանակցությունների մեջ է, կհստակեցնենք։ Եվ էս առումով որեւիցե խնդիր չկա։ Կարծում եմ՝ ավելի շատ մամուլում շահարկվող գործընթաց է, իրականության հետ որեւիցե կապ չունեցող։
- Բայց նախկինում եղել է խնդիր, չէ՞։
- Չէ, նախկինում խնդիր՝ որեւիցե, չի եղել։
- Հակապուտինյան ակցիաներ եք արել, պաստառներ եք պահել։
- Դուք սուտ եք ասում, էսպես ասեմ, Դուք սուտ եք ասում։
- Խնդրում եմ կոռեկտ արտահայտվեք, պարոն Գրիգորյան։
- Չէ, չէ, սպասեք, որովհետեւ․․․
- Ձեզ իրավունք վերապահված չէ ինձ հետ նման տոնով խոսել։
- Չէ, կլսե՞ք։ Որովհետեւ սա շահարկվում է, բազմիցս սրան պատասխաններ տրվել ա ու հստակ պատասխաններ ա տրվել։ Ու Դուք շարունակում եք դա շահարկել։
- Ես չեմ շահարկում, հարց եմ տալիս, եւ բանավեճի մի՛ վերածեք, ես հարց եմ տալիս, խնդրում եմ՝ կոռեկտ պատասխանեք։
- Մինչեւ վերջ լսեք, եթե Դուք կբերեք պաստառներ ու ցույց կտաք, որտեղ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, էդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը։
ՀԳ․ Հիմա՝ պաստառների ու հակապուտինյան պահվածքի մասին։ Սկսենք պաստառներից, որի հարցում մենք, իրականում, շփոթել ենք՝ Պուտինի դեմ ակցիաների ժամանակ հակապուտինյան գրություններով պաստառներ պարզել է Գրիգորյանի ընկերը՝ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, որի վերաբերյալ լուսանկարներ կան համացանցում։ Բայց դա չի նշանակում, թե ստում ենք։ Փոխարենը, Արմեն Գրիգորյանը բազմիցս հանդես է եկել հակառուսական ու հակապուտինյան գրառումներով, ելույթներով ու հարցազրույցներով, որոնք պաստառ չեն, բայց դրանից էլ պակաս չեն եւ չեն հերքում նրա հակապուտինյան կեցվածքը։ Կարճ ասած՝ ի՞նչ տարբերություն՝ դու պաստա՞ռ ես պարզում ընդդեմ Պուտինի, թե՞ Ֆեյսբուքում գրառում ես անում կամ հարցազրույց ես տալիս ու ասում, որ Պուտինը վատն է, Ռուսաստանից պոկվել է պետք եւ այլն։ Եվ այս ամենը բնավ թույլ չի տալիս Գրիգորյանին լրագրողին ասել՝ սուտ ես ասում, այն դեպքում, երբ ինքը չի կարող հերքել իր հակառուսական անցյալը։ Ահավասիկ, ստորեւ բերված սքրին-շոթերը՝ նրա գրառումներից ու հայտարարություններից, որոնցից մեկում հեգնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանին հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում։
0Comments