Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողով՝ նվիրված թավշյա հեղափոխության մեկամյակին:
«Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիտաժողով կազմակերպվել է այսպիսի լուրջ մոտեցմամբ»,- ներկաներին ողջունեց Ն.Փաշինյանը:
Ըստ նրա՝ սա շատ կարևոր աշխատանք է, քանի որ կառավարության համար շատ կարևոր է, որ ՀՀ գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որ կատարվում են.
«Կառավարությունը չպետք է լինի մեկուսացված, պետք է լինի գիտական և փորձագիտական հանրության հետ մշտական կապի մեջ»:
Ն.Փաշինյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ իրենց բոլոր տեսակետները կհամընկնեն, կլինեն նաև տարաձայնություններ, բայց դրանց բախման արդյունքում լուծումներ կգտնվեն, որոնք երակաժամկետ ազեցություն կունենան:
ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ այսօր բուհերի շրջանավարտների 64%-ն ավարտում է հումանիտար ուղղությամբ, սակայն պետք է համամասնություն պահպանվի, գոնե կես-կես լինեն, մինչդեռ տնտեսագետներ ավարտում են ընդամենը 20%-ը:
«Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք, մեզ կադրեր են պետք: Մենք պետք է ունենանք մրցունակ տեխնոլոգիաներ, ինչը, ցավոք, չունենք»,- ասաց Յ.Սուվարյանը:
Ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխություն չեն կարող իրականացնել ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ հզոր անհատները, այլ այն կարող են իրականացնել միայն ժողովուրդները, իսկ կառավարությունները կարող են ժողովուրդներին միայն ու միայն ուղղորդել, այն էլ միայն ճիշտ կամ սխալ ուղղությամբ.
«Մեր բոլորի առաքելությունն է Հայաստանում, Արցախում մարտահրավեր նետել խեղճությանը, անարդարությանը, աղքատությանը, կոռուպցիային, անհավասարությանը և այլ անարդար երևույթներին»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տնտեսական հեղափոխության մասին, եղան տարբեր գնահատականներ, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխությունը:
Ըստ նրա՝ կասկածները զուր են, թե հնաարվոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն.
«Փարատե՛ք ձեր կասկածները, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: Քանի դեռ կա քաղաքական հեղափոխություն, այն չի կարող լինել առանց տնտեսական հեղափոխության»:
0Comments