Արդարադատության նախարարությունն առաջարկում է հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր

Նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանում մի շարք կառույցներ ունեն իրենց աշխատողների մասնագիտական տոն, որոնք հաստատվել են կառավարության կողմից

Արդարադատության նախարարությունն առաջարկում է հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի մասնագիտական օր: Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում։

Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ը պատահական չի ընտրել։ Նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Ղազախստանում հենց այս օրն է նշվում որպես հանրային ծառայողի օր։

«Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը և ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կարծում ենք, որ նպատակահարմար է միավորել Հայաստանի Հանրապետության կառավարության այդ բոլոր որոշումները մեկ միասնական որոշման մեջ, որի հիման վրա որպես հանրային ծառայողի օր կհայտարարվի հունիսի 23-ը»։

Նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանում մի շարք կառույցներ ունեն իրենց աշխատողների մասնագիտական տոն, որոնք հաստատվել են կառավարության կողմից: Մասնավորապես՝ դեկտեմբերի 20-ը նշվում է որպես ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր, սեպտեմբերի 4-ը՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օր, հուլիսի 1-ը՝ դատախազության աշխատողի օր, մայիսի 5-ը՝ հարկադիր կատարողի օր, հոկտեմբերի 8-ը՝ քննչական կոմիտեի ծառայողի օր, ապրիլի 16-ը՝ ոստիկանության օր, հոկտեմբերի 19-ը՝ քրեակատարողական ծառայողի օր, մինչդեռ հանրային ծառայողը չունի իր մասնագիտական օրը։