Համացանցում բացասական մեկնաբանությունները հաճախ այս կամ այն իրադարձության կամ լուրի շուրջ բանավեճերի անքակտելի մասն են: Միաժամանակ, հոգեբանները համոզված են, որ համացանցի օգտատերերի ագրեսիվությունը միանգամայն հնարավոր է նվազեցնել, ընդ որում՝ դրա համար ոչ մի բարդ գործողության կարիք չկա:
Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ համացանցում բանավեճերն առավել քաղաքակիրթ կընթանան, եթե օգտատերերի վարքագծի կանոնները տեղադրվեն կայքի տեսանելի տեղում: Այն, որ նման խորամանկությունն օգնում է կրքերի շիկացումը նվազեցնել, պարզել են Փրինսթոնի համալսարանի գիտնականները:
Հետազոտողների խումբը գիտական բանաձեւի հիման վրա փորձ է անցկացրել reddit.com-ում, որն ունի շուրջ 13,5 մլն բաժանորդ: Հարթակի վերին հատվածում տեղադրելով վարքագծի կանոնները՝ հաջողվել է ոչ միայն խուսափել հազարավոր անպարկեշտ մեկնաբանություններից, այլեւ 70 տոկոսով մեծացնել օգտատերերի ակտիվությունը: Փորձագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ վարքագծի կանոնների տեղադրումը մեծացնում է այն մարդկանց թիվը, որոնք առաջին անգամ են մեկնաբանություն կատարում:
Այսպիսով, ինչպես պնդում է հետազոտության առաջատար հեղինակ Նաթան Մաթիասը, այն կարծիքոը, թե կայքերում արգելքները սահմանափակում են խոսքի ազատությունը, լիովին հերքված է: Հակառակը՝ համանման սահմանափակումները դրական են անդրադառնում համացանցի օգտատերերի ակտիվության վրա, իսկ զայրալից մեկնաբանություններ կատարելիս ստիպում են բառերը մանրակրկիտ ընտրել՝ խուսափելով վիրավորական բառապաշարից:
0Comments