1 տարի անց գործող իշխանությունը համակարգային բարեփոխումների մասին նույնիսկ պատկերացում չունի

Մեր ժողովուրդը այս իշխանություններին տվել է բարձր վստահության քվե, ունի մեծ ակնկալիքներ եւ մեծ սպասումներ, որոնք չեն արդարացնում,դա է պատճառը, որ մենք քննադատում ենք եւ դրա իրավունքը ունենք. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանությունների թերությունները եւ անգործությունը մենք հաճախ արդարացնում ենք նախկինների հետ համեմատելով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով նախորդ եւ ներկա իշխանությունների մասին։

«Երբ մենք համեմատության մեջ ենք ընկնում՝ նախորդ իշխանությունն էր լավը, թե հիմա, գնում ենք ուրիշ ուղղությամբ։ Եթե նախկինը լավը լիներ, այսօր իշխանության կլիներ։ Այս իշխանությունների թերությունների եւ անգործությունը հաճախ մենք արդարացնում ենք նախկինների հետ համեմատելով։ Մեր ժողովուրդը այս իշխանություններին տվել է բարձր վստահության քվե, ունի մեծ ակնկալիքներ եւ մեծ սպասումներ, որոնք չեն արդարացնում։ Դա է պատճառը, որ մենք քննադատում ենք եւ դրա իրավունքը ունենք»,– նշեց նա։

ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ անցնող 1 տարվա ընթացքում իշխանությունները որեւէ համակարգային բարեփոխում մեր երկրում չեն սկսել. «Անցնող 1 տարվա ընթացքում իշխանությունները որեւէ համակարգային բարեփոխում մեր երկրում չեն սկսել եւ նույնիսկ դրա մասին պատկերացում չունեն։ Երբ հիմնավորում են, թե մեկ տարի երեք ամիսը քիչ է, բայց պատկերացում չունեն, չեն ասում, թե ինչ են պատրաստվում անել, լոզունգային հայտարարություններից բացի»։

Խոսելով ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու մասին, նա ասաց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում միայն 2 տարի 8 ամիս են իշխանության եղել, իսկ Սերժ Սարգսյանի երկու ընտրությունների ժամանակ մենք իրեն չենք պաշտպանել. «Վերջին 30 տարվա ընթացքում ՀՅԴ–ն բոլոր ընտրություններին մասնակցել է ինքնուրույն, որեւէ դաշինքի չի գնացել մեծ քվե ստանալու համար։ Դժբախտաբար, ՀՅԴ–ն մեծ քվե չի ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու եւ իր ծրագրերն իրականացնելու համար, այդ պատճառով նաեւ համագործակցել ենք այլ կուսակցությունների հետ, որը սակայն լիարժեք արդյունք չի տվել, բայց ձեռքբերումներ ունեցել ենք»։