ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը՝ հավելելով, որ պահանջում են նաև գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն։
«Մեղադրանքը որևէ լուրջ փաստարկվածություն չունի, այսինքն` ակնհայտ անմեղ անձ է այսօր քրեական պատասխնատվության ենթարկվում»,-ընդգծեց նա:
Փաստաբանն ասաց, որ որպես բողոքի հիմք ինչ տվյալներ են օգտագործել, չի կարող ասել՝ ելնելով նախաքննական գաղտնիքից, բայց նախաքննության ավարտից հետո հանրությանը ամեն ինչ կներկայացնեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
ԱԱԾ-ն հայտնել էր, որ Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին, որոշումը կատարվել էր:
Նշենք, որ Դավիթ Սանասարյանն իր մեղքի չի ընդունում, հայտարարում է, որ շինծու գործ է:
0Comments