Կողմերը փորձում են փոխվստահություն ձեռք բերել

Բաբայանը` ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին

«Մեղրին 49 կմ հսկողության հատված ունի, Ղարաբաղը` 119 կմ: Եթե բանակցություններ էր գնում այդ 49 կիլոմետրը հանձնելու մասին, ոնց-որ իրենք են ասում, ապա ես դեռ հրամանտար էի, նախարար, առանց ինձ էն 110-ը կարողանալո՞ւ էին հանձնել: Ինձ հետ պիտի բանակցեին, չէ՞»,- այսօրվա ասուլիսում, անդրադառնալով ժամանակին Մեղրին փոխանակման միավոր դարձնելու վերաբերյալ խոսակցություններին, լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Նա խոսել է նաև Արցախյան հարցի բանակցային ընթացքի, Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբացման, Լեռնային Ղարաբաղում սպասվող նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման և դրա օրինականության մասին: Բաբայանն անդրադարձել է նաև Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպմանը:

Բաբայանի կարծիքով` կողմերը փորձում են փոխվստահություն ձեռք բերել, փորձում են հումանիտար քալերով խնդիրը տեղափոխել պարզ քննարկման դաշտ:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ «դատավորի դիրքում են Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը»:

«Էս մարդիկ նստել են, մենք իրար ծեծում ենք: Ասում են՝ եթե  դուք համաձայնեք, մենք կպաշտպանենք: Ես առաջարկում եմ՝ դուք` երրորդ կողմը պատասխանատվություն է վերցնում. եթե Ադրբեջանը սկսի պատերազմել, դուք  պատասխանատու եք»,- ասել է Սամվել Բաբայանը: