«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ընդմիջման ժամին ֆեյսբուքյան էջի իր ուղիղ եթերում զրուցեց քաղաքացիների հետ և նկատեց, որ իրենք որոշ մարդկանց համար չհասկացված են լինում:
«Ես այսօր ուզում եմ խոսել այսօրվա՝ նոր Հայաստանի ընդդիմության մասին: Հին Հայաստանի ընդդիմության պրակտիկան, ձևը, հռետորաբանությունը այլ էր, հիմա՝ լրիվ այլ: Հիմա խորհրդարանը նոր է սկսել գործել, և մեր դեբատները բերում են նրան, որ մենք տեսնում ենք՝ քաղաքացիները սոցիալական ցանցերում շատ սուր քննադատության են ենթարկում մեզ»:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ կա ողջամիտ քննադատություն և կա աբսուրդի հասնող քննադատություն: «Երբ ասում ենք, որ Սերժ Սարգսյանը կոստյումը չպետք է հագնի այսօրվա իշխանությունը, ինչ-որ մեկը գրում է` նախանձում եք: Մյուս կողմից մարդիկ ասում են, որ պետք է բոլորով միանանք, աշխատենք. բոլորս միացած աշխատում ենք և բոլորիս միացնում է մեկ բան` Հայաստանի Հանրապետության պետական շահը. դրանից ելնելով՝ ներկայացնում ենք մեր պատկերացումնեևը: Մեր խոսակցության մեջ բան չի փոխվել, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ պատրաստ չեն հեղափոխությունից հետո տեսնել հեղափոխական ուժին ընդդիմություն և ես տեսնում եմ, որ մենք չհասկացված ենք»,-ասաց նա և նշեց, որ քննարկումների, բախումների արդյունքներում ստեղծվում են ճշմարտություններ, և երկիրը շարժվում է առաջ:
«Նրանք, ովքեր ասում են՝ ինչպե՞ս եք քննադատում իշխանությանը, չէ՞ որ սա ժողովրդի իշխանությունն է, նրանք մոռանում են, որ մենք էլ ժողովրդի ընդդիմությունն ենք»,-ասաց նա:
Պատգամավորը քաղաքական համակարգը ներկայացրեց մարդու օրգանիզմի հետ զուգահեռներ տանելով և օրինակ բերեց՝ եթե մարդու սիրտը իշխանությունն է, իսկ լյարդը` ընդդիմությունը, ստացվում է, որ մարդիկ կան, որ չեն համաձայնում, որ օրգանիզմը ունենա լյարդ: «Հենց հանենք լյարդը, քաղաքական համակարգը կմեռնի, որը նախկինում գրեթե մեռած էր»,-ասաց նա:
ԼՀԿ նախագահը նշեց, որ բոլոր իրենց նախաձեռնությունները միտված են պետությունը առաջ տանելուն, և դրանք երբեմն կարող են չհամընկնել մյուսների կարծիքների հետ: «Ինչ կա, ձեր որոշումն է, հիմա ձեր որոշումը ինչո՞ւ եք քննադատում: Լավ տնտեսություն ունենալու համար պետք է լավ քաղաքական համակարգ, իսկ առանց լավ քաղաքական համակարգի չի կարող լինել լավ տնտեսություն: Մի մասը ասում է, թե ընդդիմությունը պետք է ուղիղ հայհոյի իշխանություններին: Ժողովո՛ւրդ, սա նոր Հայաստանն է՝ չնայած այն ժամանակ էլ մենք մերժել ենք լալահառաչ ելույթները: Մենք եկել ենք փոխելու այդ համակարգը: Հայաստանում կա ընդդիմություն: Այն այս շենքում է և արդյունավետ, պատշաճ, հիմնարար կերպով իրականացնում է իր գործունեությունը: Իշխանությունը դժգոհ է ընդդիմությունից: Հենց իշխանությունը դժգոհ է ընդդիմությունից, ուրեմն ընդդիմությունը լավ է աշխատում»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այս պահին ամենից շատ նախաձեռնություններով հենց իրենք են ներկայացել, քաղաքացիների հետ կապը պահում են և կոչ արեց ֆինանսավորել իրենց, որ հնարավորություն ունենան ավելի շատ գրասենյակներ բացել և ավելի հասանելի լինել:
«Մենք ասում ենք, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է տարանջատվեն և զարմանում ենք, թե ինչո՞ւ մեր քաղաքացիները չեն կարողանում ընտելանալ նոր իրողություններին, որ, այո՛, հեղափոխության լիդերը վարչապետն է և նրան պետք է քննադատել»,-ասաց նա:
«ՀՀ քաղաքացիներն են որոշել`ով լինի խորհրդարանում, ով լինի ընդդիմություն, ով լինի իշխանություն: Մեծ փողեր են դրված սոցիալական ցանցերում, մարդկանց են փչացնում, կուսակցություններ են փորձում փչացնել: Այդ բեռն էլ է մեզ վրա, քաղաքական ուժերի վրա, որ քաղաքացիներին բացատրվի՝ որն է չոր, որն է`թաց: Մենք մեր գործը համբերատար անելու ենք»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ իր կուսակցությունն ամեն ինչ անում է Հայաստանի իմիջը բարձրացնելու, Հայաստանի բարեկամների թիվը ավելացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով Ապրիլի 24-ին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ մենք կորցրած մարդկանց տեղն էլ պետք է ապրենք: «Մեր դասը ավելի լավ պետություն ունենալն է: Պետք է ապրել նրանց փոխարեն, երեխաներ ունենալ նրանց փոխարեն, սովորել նրանց փոխարեն: Պատկերացրեք՝ ինչպիսին կլինի մեր երկիրը, եթե բոլորս միասին այդպես մտածենք: Հանրությունը անընդհատ շեղվում է անէական բաների վրա»,-ասաց նա:
«Բաց թափանցիկ ձեր առաջ կանգնած ենք, դրա համար կոչ եմ անում անընդհատ մեզ հետ կապ պահպանել. աջակցեք մեզ, հզորացրեք մեզ, քանի որ մենք հզորացնում ենք երկիրը: Չի լինի մեկ քաղաքացի, ով ցանկանում է մեզ հասկանալ, բայց մնա չհասկացված»,-եզրափակեց Մարությանը:
0Comments