«ԵԽԽՎ-ում քար լռություն է»

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակությանը հիշեցրել է Բաքվի հայատյաց քարոզները

Ես ԵԽԽՎ–ի ամբիոնից 10 տարի բարձրացնում եւ ցույց եմ տալիս ադրբեջանական դասագրքերը, որոնք հայատյացության դասական օրինակ են, սակայն այս կառույցում քար լռություն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ստրասբուրգում, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով նկատառմանը, որ իր ելույթից հետո ադրբեջանցի պատգամավորների կողմից սկսեցին մեղադրանքներ հնչել իր հասցեին։

«Երեկ շատ կարեւոր զեկույց էր այստեղ քննարկվում` քաղաքական գործիչների խոսքում անհանդուրժողականության, ատելության, քսենոֆոբիայի տարրերը: Չգիտես ինչու, նման ելույթների ժամանակ շատ տարօրինակ կերպով ակտիվանում են ադրբեջանցի պատգամավորները, եւ սկսում են հայերին մեղադրել ռասիստական հայտարարություններ անելու մեջ:

Ես ուղղակի հերթական անգամ ստիպված էի հիշեցնել Ադրբեջանի օմբուդսմեն Սուլեյմանովայի հայտարարությունը, որ Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: Ստիպված էի եւս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանի նախագահի խոսքը, որ մեր թշնամին ոչ միայն Արցախի հայությունն է, այլ համայն հայությունը: Ես ստիպված էի հիշեցնել նրանց մի դիվանագետի կոչը` ԴՆԹ-ի անալիզի ենթարկել Ադրբեջանի բոլոր դիվանագետներին, որպեսզի, եթե հանկարծ նրանց մեջ հայի կամ այլազգու արյուն լինի, նրանք չեն կարողանա անշահախնդրորեն ծառայել Ադրբեջանին:

Ես այս ամբիոնից 10 տարի բարձրացնում եւ ցույց եմ տալիս ադրբեջանական դասագրքերը, որոնք հայատյացության դասական օրինակ են: Եվ այս կառույցում քար լռություն է, եւ պատահական չէր, որ երեկ ես հայտարարեցի, որ մենք ընդունեցինք հերթական մեռելածին բանաձեւը»,–նշեց նա։

Խոսելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասին, Զոհրաբյանը նշեց, որ բավականին հագեցած օրակարգ էր. «Մենք երեկ չէ առաջին օրը կարեւոր քննարկում ունեցանք, ի դեպ նախաձեռնությունը Ադրբեջանի մի խումբ ՀԿ–ներից էր, այն ՀԿ–ներից, որոնք Ադրբեջանում չեն գտնվում, այլապես նման լսում չէին կարող կազմակերպել։ Լեյլա Յունուսի եւ Իլգար Մամադովի  նախաձեռնությամբ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների հարցն էր եւ շատ կարեւոր մի շեշտադրում արեց Լեյլա Յունուսը, երբ դահլիճում նստած էին ադրբեջանցի պատվիրակներ, ասաց, որ դիկտատոր Ալիեւը ՀՀ–ի հետ խաղաղություն չի ուզում։ Սա բլեֆ է եւ քանի դեռ Ադրբեջանում դիկտատոր Ալիեւն է, խաղաղության պայմանագիր չի լինելու»։

Հարցին՝ ինչպե՞ս Ադրբեջանին խաղաղություն պարտադրել, նա ասաց.  «Ադրբեջանին խաղաղություն պարտադրել հնարավոր չէ, այստեղ լուրջ խնդիրները ծավալվեցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ, թե ոչ, դա կարծում եմ իրենց խնդիրն է»։

Նշենք, որ օրերս ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել էր. «Մեր տարածաշրջանում շատ բան է փոխվում, միայն չեն փոխվում մեր հայ գործընկերների ատելության խոսք պարունակող ելույթները: Առաջարկում եմ սա քննարկման առարկա դարձնել առաջիկայում մեր աշխատանքների ընթացքում այս թեմայով քննարկման ընթացքում»: