Աստվածային կարողություն

Ոչ ոք չի կարող փրկել, եթե չհասկանա մեղավորին


 

Ապրիլի 3

 

Ես Ամենագետ և Ամենազոր Եմ. Իմ Ձեռքում են ձեր բոլոր գործերը: Այդ գործերը կատարելու համար Ես ներդնում եմ Իմ Աստվածային Կարողությունը և Իմ Աստվածային Զորությունը: Ամեն հրաշագործություն չէ, որ կարելի է կատարել մեկ վայրկյանում, ինչպես որ շատ հաճախ կարծում են մարդիկ:

Մի՞թե Իմ աշակերտ Պետրոսը մի վայրկյանում պարզ ձկնորսից փոխվեց և դարձավ ուսուցիչ ու առաջնորդ: Ես նրան փոփոխում ու կերտում էի՝ անգամ իր պարտության ժամանակ, որպեսզի նա լիներ այն, ինչ որ դարձավ: Շատախոս, հախուռն խառնվածքով այդ հանդուգն մարդը, որ պատրաստ էր իր հետևից տանել մյուս աշակերտներին, չէր կարող դառնալ այդ զորավոր մարդը, եթե չսովորեր ճանաչել իր տկարությունը: Ոչ ոք չի կարող փրկել, եթե չհասկանա մեղավորին:

Պետրոսը, որ, ի վերջո, հզոր Ուժ դարձավ Ինձ համար, ով բոլորից ավելի հաստատեց Իմ Եկեղեցին, ի սկզբանե բնավ էլ այն Պետրոսը չէր, որ ասաց. «Դու ես Քրիստոսը՝ Աստծո Որդին», այլ այն Պետրոսն էր, որ ուրացավ Ինձ: Նա, որ իր նվաստացումի ու զղջումի ժամին Իմ ներումի փորձությունը ապրեց, ամենից լավ կարող է խոսել Իմ մասին՝ իբրև Փրկչի:

Երկնքի Արքայությունը կարող են քարոզել միայն նրանք, ովքեր սովորել են գնահատել Արքայության Հեղինակությունը: Անհրաժեշտ էր, որ Իմ աշակերտները բազմակողմանի կրթություն ստանային: Ուրեմն, ուրախ եղեք ու ցնծացեք: Սիրում եմ ձեզ: Չեմ ենթարկի ձեզ անգամ մի ավելորդ փորձության: