ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայիս հարաբերական խաղաղությունը պետք է օգտագործել Արցախի և ՀՀ-ի զինական ուժը ավելացնելու, ամրապնդելու, խնդիրները լուծելու համար: Նա նշեց, որ մենք անընդհատ ձգտել ենք խաղաղության, բայց երբ ադրբեջանական հենակետներից հայտնվել ենք կրակի տակ, ուրիշ տարբերակ չենք ունեցել լռեցնելու:
«Մեր անվտանգությունը պետք է լինի անխոցելի, դրա համար Արցախի ՊԲ-ի և ՀՀ-ի անվտանգության համակարգը միասնական պետք է ուժեղացվի: Երբ մենք ժամանակին անընդհատ ասում էինք, որ ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, այդ մարտունակությունը թուլացրեց մեր զգոնությունը, և գնահատում եմ, որ ապրիլը այդ զգոնության կորուստի պատճառ էր: Ապրիլյանից դասեր քաղեցինք, որ բանակը միշտ պետք է զգոն լինի, զարգացման, ուժեղացման փուլում, և այսօր այդ խնդիրները դրված են»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ուժեղ բանակի առկայությունն է, որ կզսպի այսպիսի ապրիլյան ավանտյուրաների կիրառումը հակառակորդի կողմից: Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե ապրիլին տեղի ունեցածին որքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք, կային մեղավորներ, որոնց պետք է պատասխանատվության ենթարկել և դասեր քաղել: Նա հիշեցրեց, որ որոշ պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից, սակայն խնդիրն այն է, թե որտեղ ենք թերացել, և եթե արտաքին քաղաքական գործոն կա, ապա պետք է տեսանելի լինի դա:
«Ես կարծում եմ, որ պարտավոր ենք ամբողջական վերլուծություն ունենանք, որի մեջ կլինեն բաց և փակ էջեր, որոնք որոշումներ կայացողների համար հետագայում կլինեն ուղեցույց: Մենք այս տարածքները, այն կարմիր գիծը, որը կոչվում է անվտանգության գոտի, դա պետք է ամուր պահենք, մինչև, որ հասնենք մեր արժանապատիվ խաղաղության լուծմանը: Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ մեզ կպարտադրեն հարձակվել, մենք որևէ ավելորդ տարածքի կարիք չունենք»,-ասաց նա և նշեց, որ բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական խնդիր լուծելու, որովհետև մենք ունենք պաշտպանական հայեցակարգ, բայց չի նշանակում, որ հակառակորդը, ունենալով ժամանակակից սպառազինություն, կարող է հրթիռակոծել մեր տարածքները և մնալ անպատիժ:
Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմին բահերով կռվելու լուրերին, նա նշեց. «Երբ որ զինվորի մոտ փամփուշտը վերջանում է, եթե բահն է իր ձեռքին, պետք է բահով կռվի, բահն էլ է սպառազինություն, բահը չլինի, կարող է քարը լինել»:
0Comments