Վերադարձրեք բակային խոտածածկ տարածքը». Նալբանդյան 106 շենքի բնակիչների նամակը՝ Վիկտոր Մնացականյանին

Երեւի սեփականատերը տեղյակ չէ, որ երկրում իրավիճակ է փոխվել

Նալբանդյան 106 շենքի մի խումբ բնակիչներ նամակով դիմել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, որտեղ մի շարք խնդիրներ են բարձրացնում: Նամակում, որը մեզ է տրամադրել «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը, ասվում է.

«Հարգելի  Վիկտոր Մնացականյան,

Ձեզ են դիմում  Նալբանդյան 106 շենքի բնակիչները Նալբանդյան 106/1 հասցեում կառուցված շենքի կողմից պատճառվող անհարմարությունների, ամենօրյա վեճերի կապակցությամբ։

Ժամանակին այստեղ գործող մանկապարտեզի եւ այգու տարածքում բազմաթիվ ապօրինություններով կառուցված բազմաֆունկցիոնալ հսկա շենքը զգալիորեն սահմանափակել է մուտքը դեպի Նալբանդյան 106 շենքի բակային տարածք, որից մի հատված վերցվել է նորակառույցի տնօրինմանը, եւ ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել։ Չնայած մեքենաների կայանման «արգելող նշաններին»՝ օրուգիշեր այստեղ կայանված են նորակառույցի բնակիչների եւ մանկապարտեզ հաճախող երեխաներին տեղափոխողների մեքենաները:

Հավելենք, որ նորակառույց շենքում առկա է մեծ ավտոկայանատեղի՝ նորակառույցի բնակիչների, բազմաֆունկցիոնալ շենքի այցելուների համար, սակայն կառուցապատողը փակել է մուտքը՝ հնարավորություն չտալով կայանել ներսում: Այդ պատճառով բակը դարձել է անանցանելի եւ վտանգավոր նաեւ հետիոտնի համար:

Երկրորդ հարցը, որը հուզում է մեզ, երեխաների համար նախատեսված բակային տարածքի փակ լինելն է։ Շինանարության ընթացքում տեղի բնակիչների բազում բողոքներին ի պատասխան՝ կառուցապատողը եւ այն ժամանակ պաշտոնավարող գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում էին, որ տարածքում հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը, եւ բակը՝ արդիականացված, վերադարձվելու է երեխաներին։ Սակայն բակը խլվեց երեխաներից եւ չվերադաձվեց․ այսօր ունենք մետաղյա բարձր պարսպով պատված անձեռնմխելի մի տարածք, որն անհասանելի է տասնամյակներ այստեղ ապրած բնակիչների եւ նրանց երեխաների համար, ովքեր 11 տարի կրել են շինարարության պատճառած անհարմարությունները։ Մնացին միայն երեխաների թախծոտ հայացքները դեպի պարիսպից այն կողմ գտնվող խոտածածկը․․․

Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ժողովրդի առջեւ բացվեցին Ազգային ժողովի եւ Բ26-ի դռները... Երեւի սեփականատերը տեղյակ չէ, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ նոր Հայաստանում այլեւս անհնարին է առաջ շարժվել նախկին վատ բարքերով, անօրինականություններով, վախեցնելով իրենց կապերով, ոտնահարելով քաղաքացիների տարրական իրավունքները:

Խնդրում ենք քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի միջամտությունը վերոնշյալ խնդիրներին լուծում տալու հարցում, այդ թվում՝

ա. արգելել մեքենաների կայանումն ու կուտակումը երթեւեկելի մասում եւ դեպի 106 շենքի բակ տանող հատվածում: Այս հարցը կարելի է լուծել՝ 1-2 մետրով ապամոնտաժելով նորակառույց շենքի շեմը (մայթեզրը), խորացնելով դեպի նորակառույցի մուտք, որտեղ կայանված մեքենաները այլեւս չեն խոչնդոտի ազատ ելումուտը դեպի 106 շենքի բակային տարածք:

բ. բակային խոտածածկ տարածքը վերադարձնել ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝ ապամոնտաժելով  ցանկապատները կամ բացելով մուտքի դռները դեպի կանաչ տարածք՝ թույլատրելով բնակիչներին օգտվել հանգստի գոտուց։

Համոզված ենք՝ աչքաթող չեք անի մեր խնդրանքը։