Բրիտանացին աղբանոցում գտել է Չերչիլի սիգարը, սիգարի տուփն ու գլանաձև գլխարկը

Մասնագետները գնահատել են իրերը՝ հաստատելով, որ դրանք իսկապես Չերչիլին են պատկանել

Մեծ Բրիտանիայի բնակիչ Դևիդ Ռոուզը աղբանոցում, որտեղ աշխատում է արդեն 15 տարի, գտել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանած սիգար, սիգարի տուփ ու գլանաձև գլխարկ, գրում է Daily Mail պարբերականը:

Տղամարդը գտել է նաև քաղաքական գործչի կողմից ստորագրված լուսանկար և նրա անձնական խոհարարի՝ որդուն ուղղված մոտ 200 նամակ: Նամակում պատմվում են մանրամասներ նախկին վարչապետի առօրյա կյանքից:

Իր գտածոյի մասին Ռոուզը հայտնել է BBC հեռուստաալիքի եթերում: Մասնագետները գնահատել են իրերը՝ հաստատելով, որ դրանք իսկապես Չերչիլին են պատկանել: Իրերն ավելի քան 13 հազար դոլար են գնահատվել:

Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1940-1945, այնուհետև 1951-1955 թվականներին: