Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ. Սուրեն Սահակյան

Դեռ համակարգի ներդրման առաջին օրերից կասկած կար, որ կուտակվող միջոցները երբեք էլ հետ չենք ստանալու

Կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը շահառուների մոտ նորից անվստահության հիմքեր է ստեղծում: Դեռ անցած տարեվերջին շատ ու շատ քաղաքացիներ ահազանգում էին այն մասին, որ իրենց հաշիվներին աշխատավարձից պահվող 2.5 տոկոս եկամտի հետ զուգահեռ՝ պետության կողմից փոխանցվող 7.5 տոկոսը չի հասել կուտակային ֆոնդեր:

Մամուլում կառավարության պատասխանատու օղակներից հնչած պաշտոնական մեկնաբանությունը տեխնիկական խնդիրներով էր իրավիճակը պատճառաբանում:

Վկայակոչում էին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում հեղափոխությունից հետո արված շտկումները, որոնց հետևանքով համակարգը տեխնիկական կիքսեր էր տվել: Խոսքը Նիկոլ Փաշինյանի կառավարության զիջած ևս 2.5% աշխատավարձի պահումների մասին է, երբ կուտակային կենսաթոշակային համակարգ գանձվող 5 տոկոսի փոխարեն՝ պետությունն իր վրա վերցրեց ամեն աշխատուժի համար ևս 2.5%, աշխատավարձից պահումների բեռը՝ պահումները դարձնելով 2.5% աշխատուժ + 7.5% պետություն հարաբերակցությամբ: Խնդիրը մինչ օրս լուծում չի գտել, կամ իրականում խնդիրը ոչ թե՝ համակարգի, այլ՝ իշխանությունների ներսում է: Հերթական ահազանգը երեկ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն էր արել: Ֆեյսբուքում նա հրապարակել էր իր հաշիվը ստուգած համակարգի տվյալները:

«Մինչ Կենտրոնական բանկն իր ներուժը հետևողականորեն օգտագործում ա ֆինանսական ոլորտի փոքր խաղացողներին շուկայից հանելու համար, իր վերահսկողության տիրույթում գտնվող խոշոր խաղացողները տարեկան 4% շահութաբերության պայմաններում (նախորդ տարի 13,1% էր) ապագա կենսաթոշակառուների միջոցները կարողանում են պակասեցնել։ Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ։ 2018-ին դուք տուժել եք։ Դեռ համակարգի ներդրման առաջին օրերից կասկած կար, որ կուտակվող միջոցները երբեք էլ հետ չենք ստանալու։ Էդ կասկածները գնալով խորանում են։ Իսկ ԿԲ-ը պատշաճ վերահսկողություն իրականացնելու փոխարեն՝ փակում ա նրանց, ում փակելու համար ուժը բավարար ա գտնում։

Հ․Գ․ Ռուսները էս դեպքի համար մի լավ խոսք ունեն․ «Չես կարողանում «դուրս գնալ»՝ մի տանջիր «համապատասխան տեղդ»»,- գրել էր «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը։

«Երկու առանձին անձինք են դիմել ինձ՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, և հայտնել, որ իրենց կուտակային հաշիվները ստուգելիս հայտնաբերել են՝ կառավարիչ ֆոնդերը մինուսով են եկամտաբերությունը ցույց տվել: Նախորդ տարի այս անձանց կուտակումները աշխատել են 13.1 տոկոս եկամտաբերություն, մինչդեռ այս տարի ապահովագրող ֆոնդը զգալի անկում է գրանցել»,- 168.am-ի հետ զրույցում իր գրառումը պարզաբանել է ՔՈ կուսակցության ներկայացուցիչը:

Սուրեն Սահակյանի արձանագրած դեպքերը շատ են, և ամենաուշագրավն այն է, որ նույն ֆոնդում պահվող տարբեր անձանց հաշիվների եկամտաբերությունը լրիվ տարբեր եկամտաբերության ցուցանիշ է ցույց տալիս:

«Իսկ այսպիսի իրավիճակներից ոչ մեկս ապահովագրված չենք»,- այս ամենից նեգատիվ հետևություն է անում Սուրեն Սահակյանը և խոստանում պետական մարմիններից առաջիկա օրերին այս անհասկանալի բանաձևի բացատրությունը ստանալ:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային ոլորտում դեռ խորհրդային տարիներից գործող բաշխողական համակարգին 2014 թվականից միացավ նաև կուտակային կենսաթոշակային համակարգը: Ներդրված նոր համակարգում ներառված են 1974 թվականին և դրանից հետո ծնված բոլոր աշխատող անձինք:

Ապագա կենսաթոշակառուներն իրենց աշխատավարձից պահվող 2.5 տոկոս փոխանցումներն իրականացնում են ավտոմատ համակարգի միջոցով: Սոցիալական վճարների եկամտաբերությունն ու վերադարձելիությունը երաշխավորում են ՀՀ կառավարությունն ու իր հետ պայմանագիր կնքած կուտակային կենսաթոշակային երկու միջազգային հեղինակավոր ֆոնդերի ՝ «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Մենեջմենթ Արմենիա», կառավարիչների միջոցով: