Վաշխառուների դեմ ԼՀԿ-ի նախագիծն ընդունվեց

Վատ իներցիա է, որ եթե նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, պետք է մերժվի

ՀՀ կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որ հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկային ծառայությունների գովազդումը. Մասնավորապես, սահմանել, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձեւերի եւ ածանցյալների օգտագործումը գովազդում կամ հրապարակային օֆերտայում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում այն կրկին կատարելու դեպքում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։

«Առավել նպատակահարմար կլիներ հարցի կարգավորումն իրականացնել համալիր ձեւով, մասնավորապես՝ ուսումնասիրել վարկային միջնորդային ծառայությունները գովազդելու բնագավառը, գովազդ իրականացնող սուբյեկտների շրջանակը (ֆիզիկական կամ իրավաբանական անձինք), առաջարկվող ծառայությունների ձեւաչափը, առանձնահատկությունները, գնային քաղաքականությունը, որից հետո միայն անդրադառնալ համապատասխան կարգավորման մեխանիզմներին եւ նշանակվող տուգանքի չափին: Նշված տեղեկատվությունը հնարավորություն կտա լիարժեք ձեւով գնահատել իրական պատկերը եւ ճիշտ ընտրել կարգավորման մեխանիզմները»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ այդ հիմնավորումներից ելնելով առաջարկում են ձեռնպահ մնալ նման փոփոխությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախարար Զեյնալյանին, ճշտեց.

«Մեր գործընկերների մտահոգությունը հետեւյալն է՝ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր, որի արդյունքում առաջանում են խնդիրներ, մարդիկ, ժարգովով ասած, տոկոսի տակ են ընկնում եւ այլն: Մեր գործընկերներն առաջարկում են, որ այն կազմակերպությունները, որ լիցենզիա չունեն եւ նման ծառայություն են առաջարկում, այդ գովազդի համար ենթարկվեն վարչական տույժի, որ պատին չգրեն՝ վարկ, տոկոս եւ այլն: Բայց մեր օրենսդրությամբ կա հնարավորություն, որ առանց լիցենզավորման նման օրինական ծառայություն մատուցվի: Պրոբլեմը կա, բայց մենք քննարկել եւ կարեւորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը: Շատ դեպքերում պետք է ուսումնասիրել՝ գովազդի սահմանափակում պե՞տք է անել, թե՞ ոչ, օգտակա՞ր է, թե՞ ոչ: Պետք է անել քայլեր՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով, որ մարդիկ կարողանան հստակ հաշվարկել՝ ինչպիսի պարտք արժե վերցնել, ինչպիսի գործունեության համար, եւ լավ կլինի, որ դրանք միտված լինեն արդյունքներ, ոչ թե հետեւանքներ ունենալուն»:

Փաշինյանն արձագանքեց, որ այս փուլում գոնե հարկավոր է գնալ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, մանրամասն աշխատում են ԿԳՆ հետ, արդեն վերապատրաստում են անցել բավական մեծ թվով ուսուցիչներ, ընդհանուր թիվը մոտ 12 հազար է. «Ֆինանսական գրագիտության մեկամսյակ ենք անցկացնում բոլոր մարզերում, եւ այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, իրականացվելու են միջոցառումներ, հավաքներ, կլոր սեղաններ, բոլոր բուհերում, ուսումնական կազմակերպություններում աշխատում ենք անցկացնել սեմինարներ»,-ասդաց Ջավադյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս նախագծին, ԿԲ նախագահն ասաց. «Այս նախագծում առաջարկը նաեւ մերն էր ոչ միայն գովազդի, այլեւ նշված գործողության համար, որ պատժենք առաջին անգամ 2 մլն դրամով, եթե կրկնվի՝ 4 մլն դրամով: Որովհետև 50 հազար դրամը շատ ավելի քիչ գումար է։ Կան արդեն հարուցված քրեական գործեր՝ ոչ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար։ 50 հազարը ես չեմ կարծում, որ բավարար կանխարգելիչ միջոց է»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե բուն գործունեության տեսակի հետ խնդիր չունեն, գովազդի հետ ինչո՞ւ են խնդիր առաջացնում. «Սա եղավ կուրսայինների պատմությունը, որ բուն ֆունկցիայի հետ խնդիր չունենք, բայց գովազդն արգելում ենք: Ես կարծում եմ՝ այդ գործունեությունն ինքնին պրոբլեմ է, պրոբլեմ եղել է եւ լինելու է, պետք է արգելել այդ գործունեությունը, դրան չենթարկվելու դեպքում պատասխանատվության ենթարկել այդ անձանց»,- ասաց նա:

Փաշինյանի համար զարմանալի էր, որ նախագծին տրված եզրակացությունը բացասական է, սակայն բանավոր ներկայացնելիս Կենտրոնական բանկը կողմ է արտահայտվում այդ նախագծին. «Մենք այստեղ գործ ունենք հին իներցիայի հետ՝ եթե նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել, եթե դա է, շատ վատ իներցիա է»:

Փաշինյանը կառավարության անդամներին դիմելով՝ ընդգծեց. «Եթե որեւէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է մերժվի, այս պահից արձանագրենք այդ գործելակերպի ավարտը»:

Ի վերջո, կառավարությունը դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրինագծին: