Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ փոխանակվել մոլորված քաղաքացիներով

Ադրբեջանում մոլորված քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ փոխանակվել մոլորված քաղաքացիներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ անցյալում սահմանն ապօրինի հատող քաղաքացիներին վերադարձնելու պրակտիկա կար: Պրակտիկան դադարեց երեք դիվերսանտների անցման եւ երկու անձանց, այդ թվում անչափահասի սպանությունների հետ կապված հայտնի դեպքից հետո:

«Մենք պատրաստ ենք մոլորված քաղաքացիներին փոխանակել մոլորվածներով», -ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանում մոլորված քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ դիվերսանտ համարելով (խոսքը Կարեն Ղազարյանի մասին է):

Խոսելով օրերս սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու մասին, վարչապետը նշեց, որ քննությունը կպարզի դիվերսանտ է նա, թե մոլորվել է:

«Սկզբունքորեն կարեւոր է՝ կատարել է արդյոք մարդը սպանոււթյուն, թե ոչ: Եթե մարդը ոչ ոքի չի սպանել, անդառնալի ոչինչի տեղի չի ունեցել, մենք պատրաստ ենք քննարկել հարցը», - ասաց վարչապետը: