22 նահանգի, ինչպես նաև Սան Ֆրանցիսկո քաղաքի և Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազները հայցեր են ներկայացրել՝ փորձելով արգելափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքը սահմանափակելու գործադիր հրամանը, հաղորդում են ABC-ն և AP-ն:
Երդմնակալության օրը նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի՝ հաջորդ ամսից ԱՄՆ-ում անօրինական կամ ոչ ներգաղթային վիզա ունեցող մայրերից ԱՄՆ-ում ծնված երեխաներն այլևս չեն կարողանա ինքնաբերաբար դառնալ ԱՄՆ քաղաքացի:
ԱՄՆ քաղաքացիության իրավունքը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ԱՄՆ հողում, ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումով: «Նախագահը չի կարող գրչի մի հարվածով չեղյալ հայտարարել 14-րդ ուղղման գոյությունը։ Վերջապետ», - ասել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Մեթ Պլատկինը:
Մասաչուսեթսում և Նյու Հեմփշիրում մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են միգրանտների իրավունքները, նույնպես երեքշաբթի հայցեր են ներկայացրել՝ Թրամփի հրամանը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, հայտնում է ABC-ն։
Հայցվորները պնդում են, որ երկրում տարեկան 150,000 երեխա է ծնվում ոչ քաղաքացի ծնողներից, և որ հրամանով նախատեսված միջոցների իրականացումը նրանց կկանգնեցնի արտաքսման վտանգի առջեւ: Նրանք վախենում են, որ երեխաները կարող են զրկվել բժշկական օգնության հասանելիությունից:
Սպիտակ տունն ընդգծել է, որ իրենք պատրաստ են դատական գործընթացների։ «Արմատական ձախերը կարող են կամ հակառակ ալիքի վրա լողալ և դիմակայել ժողովրդի ճնշող կամքին, կամ կարող են միանալ մեզ և աշխատել նախագահ Թրամփի հետ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսը։
0Comments