Բանակը սրբագործման առարկա չպետք է լինի. ասում եք ՝զինվորի ցավը տանեմ, ինքը կուչ եկած ամեն ինչ կանի, դուրս կգա Մադագասկար. Փաշինյան (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, շատերը չգիտեն, բայց hանրապետության առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում: Այս մասին 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող խավի ներկայացուցիչներ են, բայց մյուս կողմից, երբ պաշտպանության նախարարությունը 10-ը խոշորագույն հարկատուներից է երկրի, դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, մեր սոցիալ-հոգեբանության և մտածողության մեջ որոշակի խնդիրներ կան:

Եվ ընդհանրապես, որպես մի մարդ, որը բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել և հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա Երրորդ հանրապետության ընթացքում մեր բոլորիս գործած մեծագույն սխալն է։

Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անելիքը և բանակի անկումը, այն անկումն է, որն ունեցել ենք երկար տարիներ։ Եվ նաև այդ սրբագործման արդյունքում ես մի անգամ առիթ եմ ունեցել ասելու»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին, ասում ենք՝ դե լավ, մենք այսպես չենք կարող, բանակը կլուծի:

«Ասում ենք՝  մեր զինվորը, իր ցավը տանեմ, կուչ եկած, սառած կանի, բոլորի դեմ կկռվի, բա գիտե՞ք՝ ինքը ում սերունդն է, ինքը Տիգրանի սերունդն է, հեսա այստեղից տալու է, դուրս գա Մադագասկար կղզին։ Չմտածե՛ք՝ մենք բանակը սիրում ենք, դրա համար ենք անում։ Ո՛չ, մենք անում ենք, որ գցենք իր վրա՝ այդ խեղճ ու կրակ զինվորի վրա»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, թե ասում են՝ հերոսներին նսեմացրել ենք: «Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում, սրա նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անում, թե՞ ինչ ուզում, անում էին բառիս բուն իմաստով։ Անծանոթ բաների՞ մասին եմ խոսում։ Սիրելի՛ հայ ժողովուրդ, անծանո՞թ են այս բաները, որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանում էին:

Ուրիշ բաների չանդրադառնամ, որ դուք դեռ տեղ ունենաք մեզ մեղադրելու պարտության, դավաճանության և ուրիշ շատ բաների մեջ։ Եկեք ձև տանք, թե բոլորս իսկապես ամեն ինչ մոռացել ենք»,- շեշտեց նա: