Ռազմաճակատում ստեղծված իրավիճակը հնարավորություն է ընձեռում պատերազմն ավարտել 2025 թվականից ոչ ուշ. Զելենսկի

Մանրամասներ
Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կարծիքով ռազմաճակատում ստեղծված իրավիճակը հնարավորություն է ընձեռում ռուս-ուկրաինական պատերազմն ավարտել 2025 թվականից ոչ ուշ:

«Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք շարժվելու դեպի խաղաղություն և հաստատուն կայունություն։ Ռազմի դաշտում ստեղծված իրավիճակը հնարավորություն է ընձեռում այս ընտրությունը կատարելու՝ պատերազմին վերջ տալու համար վճռական գործողությունների ընտրություն անել 2025 թվականից ոչ ուշ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը հոկտեմբերի 9-ին Դուբրովնիկում անցկացված «Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա» գագաթնաժողովում։ Նա չի մանրամասնել, թե հատկապես ինչ նկատի ունի։

Գագաթնաժողովի ընթացքում, Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Խորվաթիան համաձայնություն են ձեռք բերել երկարաժամկետ համագործակցության և աջակցության շուրջ։ Փաստաթուղթը գործում է տասը տարի և նախատեսում է համատեղ նախագծեր երկու երկրների պաշտպանական-արդյունաբերական համալիրների ոլորտում։ Խորվաթիան միաժամանակ 10 միլիոն եվրո է խոստացել Ուկրաինայում ականազերծման համար, ինչպես նաև աջակցել Կիևի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ –ին անդամակցելու համար։